‘Գրանորություն. Ու. Շեքսպիրի «Հուլիուս Կեսար» պիեսը’

2638

Կարևոր սպանություններից հետո, որպես կանոն, սկսվում է կանոնավոր ճառերի դարաշրջանը։ Երկար, պղտոր, սկզբում հրապարակներ, ապա՝  խորհրդարաններ, քաղաքներ ներառող բառերի մի վարար հոսք, որը պղտոր գետի նման քշում, խեղդում  է ցանկացած հանդիպողի, վերածվում՝ սուր-սուր դաշույններով զինվորների, հեծելազորի, զրահաշարասյուների ու կարևոր ուրվականների կանոնավոր արձանները շրջելով՝ նոր կարևոր ուրվականների արձաններ է տեղադրում։

Կարևոր սպանություններից հետո, որպես կանոն, ճառերը երկու ճամբարի բաժանվելու սովորություն ունեն՝ կարևորին կողմ և կարևորին դեմ, ավելի ճիշտ՝ հակառակը, կարևորին կողմ, կարևորին դեմ։ Արդյունքում կարևոր ճառեր արտասանելով՝ երկու կարևոր ուժեր ոչնչացնում են իրար, ու Ուրվականի անունը բերանին՝ պատվանդան է բարձրանում ստվերում թաքնված Երրորդը…

«ԱՆՏՈՆԻՈՒՍ

Թե արցունք ունեք, արդ, պատրաստ եղեք այժմ թափելու:

Ահա ամենքիդ ծանոթ թիկնոցը: Այն օրն եմ հիշում,

Երբ որ Կեսարը առաջին անգամ թիկնոցն այս ծածկեց.

Դա ամառային մի երեկո էր, իր վրանի մեջ,

Ներվիցիներին56 հաղթելուց հետո։

Նայե՜ք, Կասսիուսի դաշույնն է ահա այստեղ մխրճվել,

Տեսեք` ինչպիսի՜ ճեղք է նախանձոտ Կասկան բաց արել։

Այս տեղն էլ ահա նրա սիրեցյալ Բրուտուսն է խոցել,

Եվ իր նզովյալ պողպատը ներսից մի կողմ քաշելիս

Դրա հետևից տեսեք` ինչպիսի՜ արյուն է ժայթքել.

Ասես նետվել է նա դռներից դուրս` համոզվելու, թե

Այդ Բրո՞ւտուսն էր, որ դաժանորեն դռները ծեծեց.

Քանզի Բրուտուսը, ինչպես դուք գիտեք,

Կեսարի միակ հրեշտակն էր սուրբ:

ՏԵՍԱՐԱՆ II

Օ՜, դո՛ւք, աստվածներ, ինքնե՛րդ դատեք,

Թե որքան խորն էր նա սիրում նրան:

Սա ամենանենգ հարվածն էր բոլոր հարվածների մեջ.

Քանզի, երբ ազնիվ Կեսարը տեսավ, որ նա հարվածեց,

Ապերախտությունը, որ դավաճանի սրից զորեղ է,

Տապալեց նրան, հաղթ սիրտը պայթեց,

Եվ իր թիկնոցը դեմքին քաշելով

Հենց Պոմպեուսի պատվանդանի վրա,

Որ ոռոգված էր նրա արյունով,

Մեծ Կեսարն ընկավ:

Օ, ի՜նչ անկում էր, հայրենակիցներ,

Իր հետ միատեղ բոլորս ընկանք` ես, դուք, ամենքս.

Այս արնոտ դավը յուրաքանչյուրիս գլխին է կանգնած:

Դուք արտասվո՞ւմ եք, ձեր գութը շարժվե՞ց:

Օ՜, գեղեցիկ են այդ արցունքները:

Օ՜, բարի սրտեր, դուք լոկ Կեսարի թիկնոցը տեսաք

Այսպես հոշոտված

Եվ արտասվեցիք. այստե՛ղ նայեցեք,

Ահա նա ինքը` դավաճանների ձեռքով ավերված:

Ա ՔԱՂԱՔԱՑԻ

Օ, ի՜նչ սրտաշարժ տեսարան է սա:

Բ ՔԱՂԱՔԱՑԻ

Օ, ազնի՜վ Կեսար:

Գ ՔԱՂԱՔԱՑԻ

Օ՜, վշտալից օր:

Դ ՔԱՂԱՔԱՑԻ

Օ՜, դավաճաններ և սրիկաներ:

Ա ՔԱՂԱՔԱՑԻ

Օ՜, դու ամենից արնոտ տեսարան:

Բ ՔԱՂԱՔԱՑԻ

Մենք վրեժխնդիր կլինենք:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Վրե՜ժ: Գնա՜նք, բռնե՜նք, այրե՜նք, վառե՜նք, սպանե՜նք,

մորթե՜նք, չթողնե՜նք ոչ մի դավաճան ապրի:

56. Ներկայիս Բելգիայի տարածքում ապրած վայրագ ցեղ, որին Հուլիուս Կեսարը պարտության մատնեց Ք. ա. 57-ին Գաղղիական պատերազմում: Պերճախոս հռետոր ՄարկուսԱնտոնիուսի «ճարտար հնարքը,- ինչպես նկատել է Այզեք Ազիմովը,- ստիպում է ամբոխին մտաբերել Կեսարի հաղթանակները ոչ թե հռոմեացիների, այլ բարբարոս գաղղիացիների հանդեպ (որոնց հռոմեացիներն ատելով ատում էին՝ չմոռանալով Հռոմի վաղեմի պաշարումը գաղղիացիների կողմից Ք. ա. 390-ին): Իհարկե, այս հատվածն ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ: Մարկուս Անտոնիուսը չէր կարող հիշել այն օրվա երեկոն, երբ Կեսարը հաղթեց ներվիցիներին, քանի որ Գաղղիա էր ժամանել այդ դեպքից երեք տարի անց: Բացի դրանից, հազիվ թե Կեսարը սեփական թագադրության օրը երեսնամյա վաղեմության թիկնոցը հագած լիներ: Դատելով այն ամենից, ինչ գիտենք Կեսարի մասին, նա պճնասեր էր և ջանադրաբար հոգ էր տանում իր արտաքինին»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Լիակատար Շեքսպիր» մատենաշարով լույս ընծայված Ու. Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» պիեսը՝ Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ, Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

 

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Խոջոյանի խոշտանգման գործը’
Հաջորդ հոդվածը‘Մահվան եւս 2 դեպք խոզի գրիպից. Պաշտոնական’