Դաղստանից մինչև Յակուտիա․ Թուրքիայի տարածքային հավակնությունները

824

Թուրքիայում հայտնվել է «Թուրքական աշխարհի քարտեզ», որում  ընդգրկված են, մասնավորապես, նաև ռուսաստանյան մի քանի տարածաշրջաններ։ Ընդ որում, թուրքական կողմի մոտ նման «տարածքային նկրտումներ» առաջին անգամ չէ, որ ի հայտ են գալիս։

Թուրքական խորհրդարանում Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին հրապարակել է իր լուսանկարը «Թուրքական աշխարհի քարտեզի» մոտ։ Քարտեզի վրա, որպես այդ թուրքական աշխարհի մաս, նշված են նաև, մասնավորապես, ռուսաստանյան մի քանի շրջաններ՝ Դաղստանից մինչև Օրենբուրգի մարզ, Ալթայից մինչև Յակուտիա։ Խոսքը գրեթե 20 դաշնային օբյեկտների մասին է։ Հրապարակված քարտեզի վրա նշվում է նաև Սիբիրի բավական ընդարձակ մի տարածք։

Քարտեզը հայտնվել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) Ստամբուլի գագաթնաժողովում  «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչև 2040 թ․» հռչակագրի ընդունման հաջորդ օրը։ Գագաթնաժողովում կառույցն անվանափոխվել է Թյուրքական պետությունների կազմակերպության։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն ժամանակ հավաստիացրել է, որ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը չպետք է անհանգստացնի որևէ մեկին, ընդհակառակը, պետք է ձգտել դառնալ  պատմական ընդհանրության վրա հիմնված այդ ծագող կառույցի մի մասը, որը միջպետական կապերի զարգացման հարթակ է»։

Ընդ որում, Թուրքիայի տարածքային նկրտումները նորություն չեն։ Օրինակ, փետրվարին թուրքական TRT1 հեռուստաալիքի եթերում մի սյուժե է հեռարձակվել, որում հաղորդավարը պատմել է, թե «ինչ տարածքներ են մտնելու Թուրքիայի կազմի մեջ մինչև 2050 թ․»։ Թվարկվել են այդ տարածքները՝ Հունաստան, Հայաստան, Կիպրոս, Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսեթիա, Ադրբեջան, Եգիպտոս, Լիբիա, ինչպես նաև Արաբական թերակղզին և Միջին Ասիայի մեծ մասը։ Նշվել են նաև ռուսաստանյան այն տարածքները, որոնք, իբր, անցնելու են Թուրքիային՝ Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի մարզերը, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան, Հյուսիսային Օսեթիան, Ղրիմը, Սևաստոպոլը, Կրասնոդարի և Ստավրոպոլի մարզերը։

Նոր Թուրքիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Յուրի Մավաշևը հորդորել է չմոռանալ, որ Թուրքիայում այժմ նախապատրաստվում են ընտրությունների, որոնք կայանալու են 2023 թ․, հետևաբար՝ «այս ամենն ընդամենը նախընտրական պատմություն է»։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըՌաֆայել Թեյմուրազյան. Երեկվա անընդունելին այսօր անիրականանալի երազ է դարձել
Հաջորդ հոդվածըԲաքվից Երևան է տեղափոխվել ՀՀ ԶՈՒ զինծառայողի աճյուն