‘Դավիթ Բաբայան. Երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքում ԼՂՀ ճանաչման հարցը նախապայման չենք դնում’

947

Երեկ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվել է տարբեր ոլորտներում՝ քաղաքական, մշակութային և այլն՝ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է Ուրուգվայի կողմից ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը՝ խոսնակն անկեղծացավ.

«Գիտեք, Արցախի միջազգային ճանաչումը մեր քաղաքական հայեցակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասն է, սակայն մենք այդ հարցը որպես նախապայման չենք դնում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքում: Չնայած սա մեզ համար կարևոր հարց է՝ բայց ֆիքսված գաղափար չէ, այսինքն՝ մենք ավելի ռացիոնալ և իրատեսական ենք մոտենում, Ադրբեջանի պես աղմուկով քաղաքակնություն չենք վարում: Մենք կողմնակից ենք երկկողմ հարաբերություններին, որը հետագայում, իհարկե, ինքնըստինքյան կբերի ճանաչման»:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ հետագայում ամեն ինչ հնարավոր է: Նրա համոզմամբ՝ այս պահի դրությամբ պետք է սառնասրտորեն մոտենալ՝ փորձելով «չճանաչված» բարդույթից վերջնականապես ազատվել և ուղղակի զարգացնել երկկողմ հարաբերություններ:

Նրա խոսքով՝ միջազգային ճանաչումը մի գործընթաց է, որն անխուսափելի է Արցախի պարագայում:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել էր Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ:

 

Նախորդ հոդվածը’21 միլիոն՝ աշխարհի ամենահազվագյուտ ադամանդներից մեկի համար’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի բյուջեով 2013 թ. ռուսալեզու հեռուստաալիքի համար գումար չի նախատեսվել’