‘Դավիթ Բաբայան. Կալիֆորնիայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը հավասարազոր է խոշոր և ազդեցիկ պետության կողմից ճանաչման’

1295

Կալիֆորնիայի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմամբ ավարտվեց Կալիֆորնիայի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացը: Այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել էր Կալիֆորնիայի Ազգային ժողովը, իսկ Սենատի ճանաչումը գործընթացն ավարտեց:
Նրա ասելով, դա չափազանց կարևոր քայլ է, քանի որ Կալիֆորնիան յուրահատուկ է իր մասշտաբներով և ԱՄՆ խոշորագույն նահանգն է` ըստ բնակչության և տնտեսական ներուժի: Բացի այդ, նահանգը մտնում է աշխարհի խոշորագույն տնտեսությունների յոթնյակի մեջ: «Ելնելով վերն ասվածից` Կալիֆորնիայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը հավասարազոր է խոշոր և ազդեցիկ պետության կաղմից մեր երկրի ճանաչման: Դա դարակազմիկ իրադարձություն է մեր պատմության մեջ, սակայն մենք չենք սահմանափակվի դրանով, մենք ծրագրում ենք ընդլայնել Արցախի ճանաչման աշխարհագրությունը», — նշել է Բաբայանը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ նորությունը Լեռնային Ղարաբաղում ընդունվել է մեծ ոգևորությամբ: Նա երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի ժողովրդին այդ քայլի համար:
Նա ընդսմին այդ քայլում խորհրդանշական պահ է նկատել, նշելով, որ բանաձևն ընդունվել է սեպտեմբերի 2-ից` ԼՂՀ անկախության օրվանից մի քանի օր առաջ: «Կարծում եմ, որ դա նույնպես ակնարկ է Ադրբեջանին այն մասին, որ քաղաքակիրթ կազմավորումները, պետությունները, նահանգները, պարզապես, չեն ընդունում այն քաղաքականությունը, որ վարում է պաշտոնական Բաքուն, և երբեք չեն հանդուրժի, որպեսզի ֆաշիստական, ֆեոդալական պետությունը փորձի ուժային ճանապարհով հարց լուծել ժողովրդավարական և քաղաքակիրթ պետության հետ», — ընդգծել է Բաբայանը:
Նա նաև նշել է, որ այդպիսի ֆենոմենալ արդյունքի են հասել Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ համագործակցության շնորհիվ: «Այնպես որ, դա մեր համախմբված և համակարգված գործողությունների արդյունքն է», — նշել է Բաբայանը: Ընդ որում նա համոզմունք է հայտնել, որ այդ քայլը նաև նոր լիցք կհաղորդի ղարաբաղա-կալիֆորնիական հարաբերություններին:
Մեկնաբանելով Ադրբեջանի արձագանքը բանաձևի ընդունմանը` Բաբայանը նշել է, որ այլ արձագանք չէին սպասում: «Նրանք, պարզապես, հասկանում են, որ փողն ամեն ինչ չի լուծում: Ադրբեջանական քարոզչությունը հիմնված է բացառապես կեղծիքի և կաշառքի վրա, այն, պարզապես, անզոր է արժեքային մոտեցումների և բարոյական սկզբունքների հանդեպ, որոնցով ղեկավարվում են բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ: Այդ պատճառով է Ադրբեջանն այդպիսի հիստերիայի մեջ է: Նրանք միլիարդավոր դոլարներ են ծախսում Լեռնային Ղարաբաղը սևացնելու համար, բայց, ըստ երևույթին, դա արդեն չի աշխատում: Կարծում եմ` դա խեդվողի յուրօրինակ ճիչ է, որին ոչ ոք չի ցանկանում փրկել, քանի որ ֆաշիզմի ուղին բռնած պետությունն անպայման պետք է խորտակվի` վաղ թե ուշ», — եզրափակել է Բաբայանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Կալիֆորնիա նահանգի Սենատը նախօրեին ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ AJR 32 բանաձևը, որը ներառում է ԱՄՆ Կոնգրեսին ու նախագահին ուղղված կոչ՝ ճանաչելու և սատարելու ԼՂՀ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆորնիայի օրենսդիր ժողովը 72 «կողմ» և 1 «դեմ» ձայներով ընդունել էր ԼՂՀ ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագիծը:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան մարզումների ժամանակ արտահայտել է իր զայրույթը բավարացի ֆուտբոլային աստղերի հանդեպ (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Քրիստիանո Ռոնալդուն Պերեսին «Ոսկե գնդակի» պատճենն է նվիրել’