‘Դավիթ Բաբայան. Սարսանգի հարցն աստիճանաբար մտնում է Ղարաբաղի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգ’

1449

Սարսանգի ջրամբարի շահագործման հարցն աստիճանաբար Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի փոխհարաբերությունների օրակարգ է մտնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը`մեկնաբանելով ԵԽԽՎ-ում այդ հարցով նախատեսված առաջիկա քննարկումը: Նրա խոսքով, կառուցողական երկխոսության գնալու Բաքվի պատրաստակամության և ցանկության դեպքում Սարսանգի հարցը կարող էր մեկնակետ հանդիսանալ Բաքվի և Ստեփանակերտի հարաբերությունների համար:

«Ցավոք, ադրբեջանական կողմն այսօր քաղաքականացնում է այդ հարցը, փորձում ոչ թե կառուցողական փոխգործակցություն, երկխոսություն և համագործակցություն հաստատել, այլ`օգտագործել այն քարոզչական նպատակներով: Հասկանալի է, որ դա չի կարող որևէ դրական արդյունքի հանգեցնել»,- ասել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ Սարսանգի հարցը քննարկվելու է ԵԽԽՎ սոցիալական հարցերով հանձնաժողովի նիստում: Իսկ ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հունիսի 23-27-ը կայանալիք ամառային նստաշրջանի ժամանակ ինքը խոսելու է նաեւ Սարսանգի խնդրից:

Նշենք նաեւ, որ այս ողջ քննարկման առիթ է հանդիսացել ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը, թե ԼՂՀ իշխանություններն իբր փակում են ջրամբարը`առանց ջուր թողնելով ադրբեջանական տարածքները: Զոհրաբյանը նշել է, որ նստաշրջանի ժամանակ հանդես կգա այդ հարցի լուծմանն ուղղված պատասխան առաջարկներով: 

Նախորդ հոդվածը‘ԻԼԻՊ-ի գրոհայինները ջիհադի կոչով դիմել են արևմտյան երկրների մուսուլմաններին ‘
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Էն ո՞վ նայեց լիսածակից», պարոն Սերժիկ Սարգսյան’