‘Դավիթ Գյուրջինյան. Պետք չէր բուհական դասագիրք մտցնել մեկ տեսակետ, այն էլ՝ այսօրվա իշխանությունների տեսակետը’

1049

Չորս տարի առաջվա դեպքերը, որոնց հիշողությունը դեռ թարմ է մեր ժողովրդի մեջ, և տասնյակ հազարավոր մարդիկ մասնակիցն են եղել այդ դեպքերի, և խիստ հակադիր՝ տարբեր գնահատականներ կան, պետք չէր բուհական դասագիրք մտցնել մեկ տեսակետ, այն էլ՝ այսօրվա իշխանությունների կողմից ներկայացվող տեսակետը: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը՝ կարծիք հայտնելով Երևանի պետական համալսարանում հրատարակված պատմության դասագրքում մարտի 1-ի իրադարձությունները նկարագրող հատվածին:

«Ուսանողն ու իր ծնողները եղել են մասնակիցն ու ականատեսը այդ դեպքերի, ու բոլորովին տարբեր գնահատականներ են տալիս: Պիտի ձեռնպահ լինեին ներկայացնելուց: Կարող էին ուղղակի ժամանակագրություն տալ՝ այսինչ օրը եղավ ընտրություն, այսինչ օրը եղան բախումներ, և վերջ, և ոչ թե չճշտված բաներ ներկայացնեին: Ինձ դուր չի գալիս, որ սկսում են ասել, թե՝ դե մարդն իր սուբյեկտիվ կարծիքն է հայտնել, եթե սուբյեկտիվ կարծիք է, ուրեմն այդ դասագիրքը չպիտի անցնի հաստատման որոշակի օղակներով: ԿԳՆ երաշխավորումը կամ վարերացումը որոշակի դիրքորոշման վկայություն է դառնում»,- ասաց Գյուրջինյանը:

Նրա համոզմամբ՝ պատմությունը պետք է, որքան հնարավոր է՝ անկողմնակալ լինի, իսկ եթե այս պահին հնարավոր չէ, պետք է ժամանակագրություն տալ, և վերջ, ու գնահատականը թողնել դասի ընթացքում:

«Ուսանողն ունի իր կարծիքը, դասախոսը՝ իր, կլինի բանավեճ, կարծիքների բախում, կարող է նաև ճշմարտություն ծնվել»,- նշեց նա:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես կողմ են քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ տալու բանաձևին’
Հաջորդ հոդվածը‘Մեսին «Ոսկե գնդակի» համար պայքարում առաջատարն է’