‘Դավիթ Միրզոյանը՝ մտավորականությանը. Չի կարելի ժողովրդից սպասել միաբանություն, երբ այն չկա մտավորականության մեջ’

1593

Նկարիչ Դավիթ Միրզոյանը բաց նամակով է հանդես եկել՝ դիմելով հայ մտավորականությանը: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայ մտավորական է նա, ով մտածում է իր ազգի մասին՝ լրջորեն մտահոգված է ու պատրաստ է զոհաբերությունների իր ազգի ապագայի համար։

Մեր ազգի ներկայիս վիճակի պատասխանատուն հայ մտավորականությունն է։ Մտավորականությունն ազգի գլուխն է՝ միտքն ու խիղճը։ Մարմնի անկանոն ու աննպատակ դեգերումների պատճառը աններդաշնակ ու անկանոն, հաճախ էլ իրարամերժ, նաև սխալ կամ թերի ու անկարևոր տեղեկատվությամբ ծանրաբեռնված ազդակներն են գլխից։

Այլ կերպ ասած՝ չի կարելի ժողովրդից սպասել միաբանություն, երբ այն չկա մտավորականության մեջ, չի կարելի սպասել խոհեմություն, երբ այն չկա մտավորականության մեջ՝ չի կարելի սպասել իմաստնություն երբ այն չկա մտավորականության մեջ։

Մտավորականությունն ինքնակրթվելու և ժողովրդին կրթելու ու ուղղորդելու առաքելությունն ունի։ Եթե ժողովուրդն անգրագետ է ուրեմն մտավորականությունն ընդհանուր առմամբ չի արել իր գործը։ Կամ լավ չի արել։ Կամ էլ հնարավորություն չի ունեցել անելու։ Կամ մտավորականներն անմիաբան են եղել՝ միայնակ են թողել ազգի գաղափարակրին, հաճախ էլ անուշադրության մատնելով թույլ չեն տվել նրան ժողովրդին հասցնել իր խոսքը։

Ամեն դեպքում ժողովրդի ներկայիս վիճակի պատճառը հայ մտավորականների հավաքական մեղքն է։

Եթե համապատասխան հետևություններ չանենք ՀԻՄԱ, ապա հետագա սերունդները մեզ չեն ների՝ մեզ իրավացիորեն կմեղադրեն իրենց վիճակի համար։

Ազգի ձևավորումը սկսվում է մտավորականությունից։ Առանց մտավորականության միասնականության ու համախմբվածության մեկ գաղափարի շուրջը, չկա ազգի միասնականություն ու համախմբվածություն։ Իսկ առանց ազգի միասնականության ու համախմբվածության չկա հայրենիք կամ պետություն։

Հարգելի հայ մտավորականներ, բոլորս էլ արժեքավոր բացահայտումներ ու գիտելիքներ ենք կուտակել։ Սակայն մեկ մտավորականի ուժերից վեր է համապարփակ պատասխան տալ մեր ազգի առջև ծառացած բոլոր խնդիրներին։ Պատկերավոր ասած՝ ամեն մեկս խճանկարի միայն մի մասն ենք կառուցել։ Մեկը՝ մի քիչ ավելի շատ, քան մյուսը, կամ մի քիչ ավելի շուտ, քան մյուսը։ Ոմանք էլ դեռ չեն հասցրել մեծ ձեռքբերումներ ունենալ։ Սակայն դա երբեք էլ չի նսեմացնում որևէ մեկին որպես մտավորական, եթե նա իրոք լրջորեն մտահոված է իր ազգի ճակատագրով։ Հայ մտավորականն իր ազգի մասին մտածող՝ մտահոգված, անհատն է՝ անկախ սեռից, տարիքից, մտավոր կամ հոգևոր ձեռքբերումներից, հասարակական դիրքից մասնագիտությունից, զբաղմունքից, և այլն։

Մեր ազգին ներկա իրավիճակից հանելու գործը հայ մտավորականների առաքելությունն է։ Դափնեպսակներ կամ ծափահարություններ ակնկալելու կամ միմյանցից խլելու փոխարեն, հայ մտավորականների պարտավորությունն է համախմբվել ու առանց որևէ ամբիցիաների՝ փառամոլության կամ սնափառության, լծվել մեր ժողովրդին առաջնորդելու, նրան դեպի մեր ազգային արժեհամակարգն ուղղորդելու գործին։ Այլապես մեզ ազգովի միայն կործանում է սպասվում։

Ոչ մի կարիք չկա Հայ Մտավորականների Միություն ստեղծել։ Այն ևս մի անպտուղ կառույց կդառնա՝ եթե չկարողանանք թոթափել մեր ճանապարհի միակ խոչընդոտը՝ մեր անձնական սնափառությունն ու գոռոզության հասած մեր սեփական եսապաշտությունը։

Կոչ եմ անում բոլոր հայ մտավորականներին թոթափել եսամոլության որևէ մղում ու համագործակցության ձեռք մեկնել միմյանց։ Դժվարն առաջին քայլն է։ Հազար փառք ու պատիվ նրան, ով կանի այդ քայլը»:

Նախորդ հոդվածը‘Արման Սահակյան. ՀՀ ԱԳՆ շենքն աճուրդի կհանվի 2013-ի մարտի առաջին տասնօրյակում’
Հաջորդ հոդվածը‘Արոնյան – Անանդ. Ուղիղ’