‘Արման Սահակյան. ՀՀ ԱԳՆ շենքն աճուրդի կհանվի 2013-ի մարտի առաջին տասնօրյակում’

872

ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը (ԱԳՆ շենքը) աճուրդի կդրվի մարտի առաջին տասնօրյակում: Ինչպես հայտնում է Panarmenian.net-ը, այս մասին այսօր մամուլի ասուլիսում հաղորդել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը:

Դրա հետ կապված նա հիշեցրել է, որ պետական գույքի ուղիղ վաճառքի մասին գործարքը փոխարինվել է աճուրդով այս շենքի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրության և մտավախության հետ կապված, որ այն ցածր գնով կվաճառվի: Միաժամանակ, Արման Սահակյանը հավաստիացրել է, որ «Տանգո» ընկերության սեփականատեր, անվանի արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը չի հրաժարվում ձեռք բերել այն: «Տանգո» ընկերության հետ մենք նախնական համաձայնություն ենք կնքել այն պայմանով, որ եթե աճուրդի ընթացքում առաջարկվի ավելի բարձր գին, ապա գույքը կօտարվի այդ գնորդին, հակառակ դեպքում ընկերության հետ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն»,- ասել է նա:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը աճուրդի է հանել ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Այդ մասին որոշման նախագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում:

Հատկանշական է, որ խոսքը հենց այն գույքի մասին է, որ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ օտարվել էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության օգտին:

Ինչպես և Է. Էռնեկյանին վաճառքի պարագայում` թիվ 2 մասնաշենքը գնահատված է 20.6 մլրդ դրամ (աճուրդի մեկնարկային գինը` 50.7 մլն դոլար): Սակայն այս անգամ կառավարությունը դրան ավելացրել է նաև մոտ 0.4 հա հողամասի (որի վրա գտնվում է շենքը) վաճառքը` 235 մլն դրամ կադաստրային արժեքով (1 քառ. մետրը` 60 հազ. դրամ): Գնորդը նաև պարտավոր է հատուցել գույքի գնահատման վրա ծախսված 800 հազ. դրամը: Այսպիսով` մասնաշենքի ընդհանուր արժեքը աճում է մինչև 51.3 մլն դոլար:

Նախորդ հոդվածը‘2012 թվականին երկրից մեկնել և չի վերադարձել 42 764 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Միրզոյանը՝ մտավորականությանը. Չի կարելի ժողովրդից սպասել միաբանություն, երբ այն չկա մտավորականության մեջ’