‘Դատախազն ու քննիչը հարկ չէին համարել ներկայանալ սփյուռքահայ գործարարի վերաքննիչ բողոքի քննությանը ‘

1288

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը տարածել է բաց նամակ, որում մտահոգություն է հայտնում որում մտահոգություն է հայտնում Էդմոնդ Խուդոյանի գործով դատավարության ընթացքի կապակցությամբ: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած և սրան զուգահեռ՝ մինչ օրս տուժող չճանաչված սփյուռքահայ գործարար, ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանը դիմել է վերաքննիչ դատարան:

Ամերիկահայ գործարարի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ բողոքարկեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը` դատավարական իրավունքի խախտման հիմքով: Դատարանում, սակայն, այսօր լսվեց միայն սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչների բողոքը, քանի որ ո°չ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը, ոչ էլ գործով դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը հարկ չէին համարել ներկայանալ դատարան:

Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու հարցը հասցնում վերաքննիչ դատարան, քանի որ արդեն 1,5 տարի է, ինչ շարունակաբար ձգվում է Խուդյանին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված գործի նախաքննությունը: 1,5 տարի տևող նախաքննության արդյունքում, սակայն, մինչ օրս ոչ մեղադրյալներ կան, ոչ էլ կասկածյալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանի ներդրումներով կառուցված շենքում նույն հանցագործները շարունակվում են բնակարաններ վաճառել:

Ամերիկահայ գործարարի ներկայացուցիչներն առաջին ատյանի դատարանում բողոք էին ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության ավագ քննիչ Տ. Հարությունյանի պահանջը քննության առնելու մասին որոշման դեմ և խնդրել էին վերականգնել Էդմոնդ Խուդյանի խախտված իրավունքները` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին՝ Էդմոնդ Խուդյանին թիվ 83159711 քրեական գործով ճանաչել տուժող: Դատարանը, սակայն, որոշում է ընդունել մերժել բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Բանն այն է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի վարույթում է գտնվում ՙԱրին Կապիտալ՚ ներդրումային՚ ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից՝ կանխամտածված նյութերով սնանկության հատկանիշներ ստեղծելու փաստի առթիվ դեռ անցյալ տարվա մայիս ամսին հարուցված քրեական գործը: 2011 թ. հոկտեմբերին ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանը դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանին` խնդրելով իրեն ճանաչել տուժող, քանի որ ՙԱրին Կապիտալ՚ ներդրումային ՍՊ ընկերության (որի 61,1 % բաժնեմասը պատկանում է իրեն) տնօրեն Էդուարդ Եսայանը երրորդ անձանց նկատմամբ ընկերության պարտավորությունները կատարելու նպատակով կեղծել է թվով վեց փոխառության պայմանագրերում և հանձման-ընդունման ակտերում Էդմոնդ Խուդյանի ստորագրությունները, համաձայն որոնց՝ նա Էդմոնդ Խուդյանին փոխառությամբ ընդհանուր առմամբ տվել է` 2.081.000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում էլ, կեղծ փաստաթղթերի հիման վրա, Էդմոնդ Խուդյանը ընկերությանը պարտք է մնացել վերը նշված գումարը:

Սակայն ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանը որոշում է կայացրել հետաձգել Էդմոնդ Խուդյանի պահանջի լուծումը՝ այդ քրեական գործով տուժող ճանաչելու մասին: ՊԵԿ քննիչը որոշել է, որ Էդմոնդ Խուդյանի կողմից ներկայացված պահանջում նշված փաստերը հիմնավորելու կամ հերքելու համար դեռևս անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն և մասնագիտացված ստուգում, ստանալ դրա արդյունքները, որից հետո վերջնական գնահատական տալ Է. Եսայանի կողմից կատարված արարքներին: Եվ պարզվում է՝ անցած 1,5 տարին էլ չեն բավականացրել քննիչին նշած մի քանի դատավարական գործողությունները կատարելու համար:

Ամերիկահայ գործարարն իր բողոքում նշում է, որ ընկերությանը կանխամտածված սնանկության են տարել իր մի քանի գործընկերներ, այդ թվում` իր մանկության ընկեր Էդուարդ Եսայանը, որը Խուդյանին պատկանող ՙԱրին կապիտալ՚ ընկերության տնօրենն է եղել: Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պնդում է, որ իր դեմ մի խումբ հանցագործների կատարած գործողությունների արդյունքում տուժել է ոչ միայն ինքը, այլև 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը: Խուդյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն, սակայն, որևէ գործողություն չի նախաձեռնում, քանի որ հանցագործները ՙհանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող մարդիկ են՚: ՙԻնձ հայտնի է նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անմիջական կապ են ունեցել Վլադ Մանգասարյանի հետ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք անմիջականորեն աջակցում են Վլադ Մանգասարյանին, Ղևոնդ Ղալումյանին և Էդուարդ Եսայանին, որպեսզի այս գործում բացահայտումներ չլինեն՚,- ասում է սփյուռքահայ գործարարը:

Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչների միջնորդությամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց բողոքի քննությունը մինչև նոյեմբերի 8-ը, ժամը 11:00, այն հույսով որ հաջորդին ՊԵԿ քննիչն ու գործով դատախազը կկարևորեն դատարանի ծանուցումը և կներկայանան նիստին:»

Նախորդ հոդվածը‘Մոյես. Սուարեսի տեղը ես էլ այդպես կվարվեի’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Մեսին կստանա «Ոսկե խաղակոշիկը»’