‘Դատարանի որոշումը՝ մարտահրավեր արդարադատությանը եւ ժողովրդավարությանը’

1334

Նախօրեին՝ Վերաքննիչ դատարանը, (դատավոր Եվա Դարբինյան) մերժեց  iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքը:

Հիշեցնենք, որ մեր լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի (դատավոր Գագիկ Խանդանյան, ով նաեւ Արդարադատության խորհրդի անդամ է)՝ ավելի վաղ կայացրած վճիռը, որով պահանջվում է բացահայտել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը:

Դատարանի որոշումն, ինչ խոսք, անակնալ չի եղել, այն ամբողջությամբ տեղավորվում է արդարադատության վերաբերյալ՝ իշխանությունը բռնազավթած ռեժիմի պատկերացումների շրջանակներում:

Բայցեւայնպես, չենք կարող գնահատական չտալ դատարանի վարքին: Դատարանի որոշումը մենք համարում ենք մարտահրավեր ինչպես արդարադատությանը, այնպես էլ՝ անկախ լրատվությանն ընդհանրապես, ու ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին մասնավորապես: 

Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛՝ Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք շարունակում են մնալ Դատախազության կցորդը, եւ նախապես ու դատարանից դուրս կայացված որոշումներ դակողը: Դատարանը ապացուցեց, որ զուրկ է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, եւ որ Հայաստանում չկա արդարադատություն որպես այդպիսին: Հայաստանում արդարադատության քողի տակ մեզ են ներկայացնում իշխանության ղեկը բռնազավթած մի քանի անձանց կամքը եւ խաղի կանոնները:

Անկախ այս ամենից, սակայն, iLur.am-ը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի վճիռը՝ պահպանելով ներպետական բոլոր ատյաններն անցնելու անհրաժեշտ ընթացակարգը, եւ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ ներպետական ատյանները սպառելուց հետո, կդիմենք նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: 

iLur. am

Նախորդ հոդվածը‘ԱՀԿ. Էբոլայով վարակվածությունը 70 %-ի դեպքում մահաբեր է’
Հաջորդ հոդվածը‘ԿԳ փոխնախարարը չգիտի՝ քանի աշակերտ կա Հայաստանում, եւ ընդունում է ամոթը’