‘ԿԳ փոխնախարարը չգիտի՝ քանի աշակերտ կա Հայաստանում, եւ ընդունում է ամոթը’

1395

Սեպտեմբերի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծառայությունների եւ ապրանքների գնումների ուղղությամբ ՎՊ իրականացրած վերահսկողության արդյունքները:

Նիստին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը եւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Հանձնաժողովի քննարկման ժամանակ բավականին ուշարավ մի միջադեպ է գրանցվել: Քննարկմանը մասնակցող Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց է ուղղել փոխնախարար Մկրտչյանին, որ արդեն սեպտեմբերի 24-ն է, եւ արդյո՞ք գոնե հիմա պատասխանատու մարմինը կարո՞ղ է հստակ թիվ ասել այն մասին, թե քանի՞ աշակերտ կա Հայաստանում:

Հիշեցնենք, որ ԱԺ վերջին նիստի ժամանակ այդ հարցին պատասխան չի ունեցել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Արամ Մանուկյանի հարցին, սակայն, Մկրտչյանը ուշագրավ պատասխան է տվել: Նա հայտարարել է, թե ճշգրիտ չի հիշում կոնկրետ թիվը, բայց աշակերտների թիվը «մոտավորապես 300-400 հազար է»: Զարմացած Մանուկյանը հակադարձել է՝ չե՞ք ամաչում: «Ամոթն ընդունեցի»,- պատասխանել է Մկրտչյանը:

Նախորդ հոդվածը‘Դատարանի որոշումը՝ մարտահրավեր արդարադատությանը եւ ժողովրդավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Քեմերոն. Թագուհին «մռլտաց», երբ իմացավ Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները’