‘Դեկտեմբերի 10-ին` երթ Ազատության հրապարակից ‘

2738

հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանի հետ

-Դեկտեմբերի տասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի՞նչ է պատրաստվում այդ կապակցությամբ անել Հայ ազգային կոնգրեսը:

— Արդեն հինգ տարի է՝ սկսած 2008-ից,  դեկտեմբերի տասին մենք անցկացնում ենք ավանդական դարձած երթը: Այդ օրը դառնում է մի յուրատեսակ հաշվետվության օր՝ կապված երկրում մարդու իրավունքների վիճակի գնահատման եւ այդ ուղղությամբ հետագա  անելիքների հետ: Այդ հաշվետվությունը սովորաբար ներկայացնում ենք ժողովրդին, ինչպես նաև երթով շարժվում ենք Եվրոպայի խորհրդի գրասենյակ, որտեղ երթի մասնակիցների անունից հանձնում ենք ուղերձ՝ ԵԽ գլխավոր քարտուղարին:

Նոյեմբերի 12-ին Հայ ազգային կոնգրեսը իրազեկել է քաղաքապետարանին երթի մասին, ինչն ընդունվել է ի գիտություն: Երթը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից, որտեղ կհնչեն նաև ելույթներ:

Նոյեմբերի 15-ին ազատամարտիկների կողմից հրավիրված՝ քաղաքական ուժերի Կլոր սեղանի խորհրդակցության ժամանակ նրանք կոչ են արել քաղաքական ուժերին Մարդու իրավունքների երթը դարձնել քաղաքական համատեղ ակցիա՝ բոլոր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Ողջունելով այս գաղափարը՝ մենք պայմանավորվել ենք, որ միասնական երթ անկացնելու վերջնական որոշումը կկայացվի նոյեմբեի 20-ի Կլոր սեղանի ժամանակ: Հուսով ենք, որ այդ օրը համատեղ երթի կազմակերպման շուրջ կկայացվի կոնսենսուսային որոշում:

— Քանի որ կան տրասպորտի, կենսաթոշակների, գազի և այլ սոցիալական խնդիրների հետ  կապված բողոքի ակցիաներ, դրանք ինչ-որ կերպ փոխո՞ւմ են ձեր օրակարգը:

-Ոչ թե փոխում են, այլ հարստացնում, որովհետև բացի ժողովրդավարական ազատությունների համար պայքարից, մենք պայքարում ենք նաև մարդու մյուս իրավունքների համար՝ ներառյալ սոցիալական իրավունքները: Եվ բնական է, որ երբ իշխանությունը պետական մեքենան վերածում է ժողովրդի ունեզրկման գործիքի, ժողովուրդը պետք է պայքարի նաև քաղաքացու՝ իշխանության կողմից չխաբվելու, չթալանվելու իրավունքի համար:

Նույն այդ երթին բնականաբար հրավիրում ենք բոլոր կոնկրետ խնդիրներով՝ կեսաթոշակային պարտադիր վճարների դեմ, ուղևորափոխադրումների գնի աճի դեմ, գազի գնի աճի դեմ, էկոլոգիական խնդիրերի շուրջ իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին: Թող այդ օրը դառնա բոլոր իրավունքների պաշտպանության օրը:

Կարծում եմ, ցանկացած մարդ, ով համարում է իր իրավունքը խախտված, լինի դա ազատ խոսքի, արդար ընտրությունների, արդարադատության, սեփականության անձեռնմխելիության, գործարարության ազատության, էկոլոգիական իրավունքի, կենսաթոշակային համակարգի արդարության բնագավառում, կարող է այդ օրը մասնակցել երթին՝ իր բողոքը մեր հանրության և միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու նպատակով: Այս բոլոր հարցերի լուծման գրավականը հասարակական համախմբմամբ` ուժ ցույց տալու մեջ է:

 

Նախորդ հոդվածը‘Վահան Հովհաննիսյան. Որևէ սպասման համար պետք է հիմքեր լինեն ‘
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Մաքսային միություն մտնելը «կապույտ երազանք» չէ’