‘Դեղամիջոցների արտադրությունը Հայաստանում տարեկան կտրվածքով աճել է’

1027

Հայաստանում տեղական արտադրության դեղամիջոցների մասնաբաժինը շուկայում վերջին 3-4 տարիներին աճել է, հասնելով 10%-ի, նախկին` 5-7%-ի փոխարեն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի` «Լիկվոր» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը: Հաղորդում է Արմինֆոն: Նրա խոսքերով, Հայաստանում դեղամիջոցների արտադրության լիցենզիա ունեն 17 ձեռնարկություններ, ամենամեծ ծավալներն ապահովում են 7 դեղագործական ընկերություններ, իսկ 5-6 ընկերություններ զբաղվում են փորձագիտությամբ: Նա նշել է, որ հանրապետությունում արտադրվող դեղամիջոցների մոտ կեսն արտահանվում է ԱՊՀ երկրներ: Հայաստանի դեղագործական ընկերությունները մշտապես աշխատում են որակի բարձրացման վրա, ինչն ապահովում է արտադրության և արտահանման ծավալների աճ, ասել է Մաթևոսյանը: Նրա խոսքերով, 2013 թվականի հունվար-օգոստոս ամիսներին դեղամիջոցների արտադրությունը Հայաստանում տարեկան կտրվածքով աճել է 34.7%, մինչև 3.28 մլրդ. դրամ, 2012 թվականի 3.5 մլրդ.դրամի համեմատ, իսկ արտահանումը հունվար-օգոստոսին աճել է 56.4%, մինչև 1.7 մլրդ.դրամ: Ընկերության ղեկավարը նշել է, որ արտադրանքի որակի բարձրացման նկատմամբ պահանջը թելադրված է նաև ՀՀ կառավարության` 2013 թվականի հունվարի 1-ից եվրոպական GMP (Good Manufacturing Practice) ստանդարտներին անցնելու վերաբերյալ որոշումով: Այդ ստանդարտներն են կիրառում նաև Ռուսաստանը, Ուկրաինան, ինչպես նաև այն բոլոր երկրները, որոնք ներկրում են հայկական դեղամիջոցները: Երեք ընկերություններ` Ֆարմատեկը, Լիկվորը և Արքիմեդը մինչև տարեվերջ կավարտեն անցումը GMP ստանդարտներին, իսկ մնացած ընկերությունները ներկայացրել են անցման ժամանակացույցները, նշել է Մաթևոսյանը:  

Նախորդ հոդվածը‘ՀԲ. ԱՊՀ երկրների տնտեսական աճի տեմպերը կազմել են 2.4’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես ազատ արձակվեց Տիգրան Առաքելյանը. Ֆոտոշարք’