‘Դեմիրճյան. Ոչ ասելով՝ մենք ոչ ենք ասում կեղծիքներին’

1748

Ազատության հրապարակում մեկնարկած «ՈՉ»-ի հանրահավաքում ելույթ ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց.

«Մենք մերժում ենք սահմանադրական փոփոխությունները, քանի որ երկրի այս աղետալի վիճակը պայմանավորված է ոչ թե Սահմանադրության անկատարությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ, մի խումբ մարդկանց կողմից իշխանության յուրացմամբ: Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ եւ անհրաժեշտություն չկա: Մենք անընդունելի ենք համարում բոլոր բացասական երեւույթները Սահմանադրության վրա բարդելը: Պարզվում է՝ այս երկրում կոնկրետ հանցագործությունների համար կոնկրետ մեղավորներ չկան: Ամեն ինչի համար մեղավոր են նշանակել Սահմանադրությանը: Եթե հիշում եք, 2005-ին նույնն էին ասում, թե ինչ առաջընթաց կունենանք, եթե լինեն այդ փոփոխությունները: Եւ ի՞նչ ենք ունեցել. կեղծված ընտրություններ, Մարտի 1, արտագաղթի աճ, աղքատության աճ եւ այլն: Եւ ո՞վ է պատասխան տվել այս ամենի համար: Եւ հիմա այս իշխանությունը, որ ամեն ինչ հասցրել է այս վիճակին, փոխում է Սահմանադրությունը: Սահմանադրություն խախտող իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե Սահմանադրություն փոխի: Հայաստանին պետք են իրական փոփոխություններ, ոչ թե մի խումբ մարդկանց շահերից բխող եւ հապճեպ իրականացվող սահմանադրական փոփոխություններ: Բայց այդ փոփոխությունները չեն կարող իրականացնել այն իշխանությունները, որոնց գործունեության հետեւանքով երկիրը դատարկվում է: Երկիրը հայտնվել է համակողմանի ճգնաժամի մեջ: Նախ՝ մեզ պետք է իշխանությունը ձեւավորել համաձայն Սահմանադրության, ազատ, արդար ընտրությունների միջոցով: Պետք է կյանքի կոչել Սահմանադրության անփոփոխ երկրորդ հոդվածը՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Սրանից է պետք սկսել: Եւ ոչ ասելով՝ մենք ոչ ենք ասում կեղծիքներին, ոչ ենք ասում իշխանության յուրացմանը: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի կողմից ընտրված ազնիվ, անկաշկանդ իշխանություն»: 

Նախորդ հոդվածը‘Արշակ Մուսախանյան. Գրչի մեկ հարվածով թռցրո՛ւ բռնապետին ‘
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանության քաղաքականությունն է՝ հնարավորինս աղքատ պահել ժողովրդին’