‘«Դ!եմ եմ» թիմի ներկայացուցիչների կոչը Սահմանադրական դատարանին’

919

Սահմանադրական դատարանում «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության շահերը ներկայացնող Արծվիկ Մինասյանը, Մերի Խաչատրյանը եւ Արտակ Զեյնալյանը դիմել են Սահմանադրական դատարանին` կոչ անելթվ հաշվի առնել մի շարք հանգամանքներ եւ մինչեւ վերջնական վճիռ կայացնելը կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը: 

 «Դ!եմ եմ»  ն ախաձեռնության կայքում տեղադրված հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. 

Բարձր դատարան,

Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երևանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն և լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարնում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական Դատարանին:

Հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանում քննվող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցին և գործի դատաքննության ապահովման միջոցի կիրառմանը:

Նկատի առնելով այն, որ դիմումում ներկայացվել էր նաև միջնորդություն՝ մինչև դատաքննության ավարտը կասեցնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթների գործադրումը, որը քննարկվելու է Սահմանադրական դատարանում մինչև 2014 թվականի հունվարի 25-ը, խնդրում ենք սույն գրությունը և հայտարարությունը համարել միջնորդության անբաժան մաս: 

Միաժամանակ խնդրում ենք միջնորդության քննարկման ժամանակ հաշվի առնել նաև հետևյալ հանգամանքները՝

1. դիմումի, ըստ էության, քննությունը նշանակված է 2014 թվականի մարտի 28-ին, իսկ օրենքի գործադրումը նախատեսված է 2014 թվականի թվականի հունվարի մեկից, այսինքն մինչև դիմումի դատաքննության ավարտը պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձանց վարձատրության մեծությունից պահվելու են այդ գումարները: Կատարվելու են նաև հավելյալ ծախսեր, օրինակ՝ կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչ ընտրության համար: Համապատասխան քայլերի պարտավորություններ ունեն նաև գործատուները, հակառակ դեպքում նրանք ենթարկվուն են վիճարկվող օրենքով նախատեսված (ֆինանսական) պատասխանատվության:

Անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ: Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:

2. այն գործատուները ովքեր 2014 թվականի հունվարի մեկից՝ նշված պարտադիր վճարը փոխհատուցելու նպատակով կբարձրացնեն աշխատակիցների վարձատրության չափը, մի կողմից չեն կարող դա իրականացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնվածների համար (պայմանավորված տարիքային խտրականության արգելքով և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի իրացմամբ), մյուս կողմից չեն կարող հետագայում (Սահմանադրական դատարանի կողմից դիմումի բավարարման մասին հնարավոր որոշում կայացնելու դեպքում) դրանք իջեցնել՝ վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձ ուժ չուենալու սահմանադրական սկզբունքից ելնելով, փաստացի կրելով ֆինանսական անվերականգնելի (անդառնալի) կորուստներ:

Հետևաբար դիմումով, հայտարարությունով և սույն գրությամբ ներկայացված բացասական հետևանքներից խուսափելու, ինչպես նաև անորոշ վիճակ չառաջացելու և գործի քննությունը անաչառ վարելու անհրաժեշտությունից ելնելով, մեկ անգամ ևս կարևորուն ենք վիճակրվող նորմերի գործադրումը կասեցնելու հրատապությունը:

 

Հարգանքով`

2014 թվականի մարտի 28-ին Սահմանադրական Դատարանում քննվող դիմումով ՀայաստանիՀանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներ՝ 

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Նախորդ հոդվածը‘Իսլամիստները սպառնում են ահաբեկչություններ իրականացնել Սոչիում’
Հաջորդ հոդվածը‘Պան Գի Մունը Իրանին հրավիրել է մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին’