‘Դեպի ԱԺ. Ֆեյսբուքյան արձագանքներ’

1207

Երկուշաբթի, ժամը 11:30-ին, ՀՀ քաղաքացիները հավաքվում են Ազգային Ժողովի մոտ` ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ։ Այդ ժամին տեղի է ունենալու ԱԺ քվեարկությունը: Պետական մակարդակի ծանրագույն հանցագործությունների արդյունքում ՀՀԿ-ն իր անողնաշար պատգամավորներով այժմ էլ պատրաստվում է մինչև 2043 թվականը ամբողջ էներգետիկ ոլորտը հանձնել Գազպրոմին՝ երկիրը կամովին զրկելով ինքնիշխանության իրավունքներից: Հիշեք պատմական դավաճանությունները, ԿՈՂՄ քվեարկողները ենթակա են խստագույն պատժի («Որոշողը մենք ենք» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունից):

Դերասան Աշոտ Ադամյան

Դեկտեմբեր 23-ը չպետք է դառնա ստրկության օր
 
Դերասան Հայկ Մարության

«Պրահայում լիքը գործ ունեի, պետք է մի շաբաթից գայի… Բայց տոմսս փոխել եմ ու վաղը գալիս եմ, որ բողոքի ցույցին մասնակցեմ. մեր Պետության համար, մեր Երեխաների համար, մեր Ծնողների համար, մեր Կանանց համար, և, ինչու չէ, մեր Թասիբի համար։

Հ.Գ. Գազի գինը թանկ ա հերիք չի, հլը տոմսի գինն էլ վրեն պլյուս եղավ։ Այնպես որ, այ, էս դեմքով եմ, գալիս…»,- գրել է դերասանը։

ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գևորգյան

Խորհրդարանում իսկապես ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Ոչ իշխանական ֆրակցիաների (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն) ջանքերի շնորհիվ Հանրապետական կուսակցության ներսում հակասությունները ակնհայտ են: Դրա ապացույցն են օրինագծի դեմ հնչեցված երկու հանրապետականների ելույթները և ակնհայտորեն ոչ բավականաչափ կողմ քվեարկողներ ունենալու պատճառով քվեարկության հետաձգումը: Կարծում եմ, հենց ռեժիմի ներկայացուցիչներից շատերը չեն ցանկանում իրենց վրա վերցնել ապօրինի, հակապետական այդ օրինագծի ընդունման պատասխանատվությունը: Սակայն ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանը չի կարող թույլ տալ նման ձախողում, և իր մշտական նարիմանովյան գործելաոճի համաձայն՝ ձեռքի տակ եղած բոլոր ճնշման գործիքները օգտագործելու է բավարար կողմ ձայներ ստանալու համար:

Այստեղ արդեն միայն ընդդիմադիր պատգամավորների ջանքները բավարար չեն: Հարկավոր է հասարակական ճնշում, որը կդրսևորվի ԱԺ մուտքի դիմաց զանգվածային բողոքի միջոցառման, քաղաքացիական անհնազանդության տեսքով: Հասարակական ճնշումը ՀՀԿ-ական պատգամավորների վրա պետք է լինի ավելի մեծ, քան Սերժ Սարգսյանի ճնշումը: Միայն այս դեպքում մենք կկարողանան պառակտել ռեժիմը և պարտադրել ապօրինի օրինագծի մերժումը:

Հավաքվում ենք երկուշաբթի` 11:30-ին, ԱԺ-ի դիմաց

Ռուզաննա Գրիգորյան

Արդեն երկուս ու կես տարի ա, որ ես ակտիվ եմ հանրային կյանքում: Հազար բան եմ փորձել, հազար բանի եմ մասնակցել, հազար սխալ ու ճիշտ քայլ եմ արել: Բայց վաղվա ակցիան իմ կյանքում բացառիկ ա: Սա իմ կյանքի ԱՄԵՆԱԱՆԻՄԱՍՏ ԱԿՑԻԱՆ ա: Բացատրեմ. արդեն էսօր գիտեմ, որ կոնկրետ վաղը բան չեմ փոխելու: Գիտեմ, որ էս հարցը աշխարհաքաղաքական ա, վերաբերում ա արտաքին քաղաքական կուրսին, գիտեմ, որ վաղը ԱԺ-ի դիմաց իմ ժամերով ցցվելը, ոստիկանի , ոստիկանության կենտրոնի բաժինը ոտից գլուխ իրար խառնելը ոչ մի բան չի փոխելու: Գրողի ծոցը: Ես ԳՆԱԼՈՒ եմ վաղվա ակցիային մենակ մի պատճառով, որովհետև ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԳՆԱԼ: Ամեն ինչ շատ պարզ ա: Ու էդ իմ ազատությունն ա. գիտակցել, որ էս կյանքում կան բաներ, որոնք ես չեմ կարող չանել ու անել դրանք: Էդ իմ կյանքը իմաստավորում ա: Խորապես թքած ունեմ ազգային ժողովը վաղը ինչ ա որոշելու: Ես մի բանում համոզված եմ՝ ոչ մի ազգային ժողով աշխարհում չի կարող որոշել, թե ԵՍ ՈՎ եմ: Ինքը կարա որոշի նրանց համար, ովքեր ԱԺ-ի դիմաց չեն լինելու: Իսկ նրանք, ովքեր գալու են, արդեն որոշել են, թե իրենք ովքեր են: Ես վաղը բոլոր էդ մարդկանց հետ ԱԺ-ի դիմաց սառույցի վրա մինչև վերջին վայրկյանը վայելելու եմ ինքնիշխան պետության քաղաքացու ազատությունը: 

ՀԳ: ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, եթե ուզեք վաղը կարաք անեք ձեր կյանքի ԱՄԵՆԱԻՄԱՍՏԱԼԻՑ ԱԿՑԻԱՆ:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան

Հայաստանի բնակչությունը 3 միլիոն մարդ է` ասենք, հանենք էրեխեքին, հանենք բանտերում նստածներին, հանենք Գրին քարտի հերթում կանգնածներին, հանենք տեղաշարժվելու դժվարություններ ունեցողներին, հանենք փակ ճամփեքի գերիներին, հանենք բանակը, հանենք Գորիկի ու Վովայի զորքերը, հանենք հարմար պառկած` թուլացածներին, հանենք բոլոր հարցերի պատասխաններն իմացողներին, հանենք բնական հղիներին ու քաղաքական հղիներին, հանենք առեւտրականներին, հանենք ներսում կռիվ տվող մի քանի պատգամավորին, հանենք մրսկաններին, հիվանդներին, անկյալներին, հանենք շաաաատ խելացիներին …, մնացածով հանդիպում ենք դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին` Ազգային Ժողովի դարպասների մոտ: Եթե չենք հանդիպում, այլեւս Ազգային Ժողով չենք ունենում, դրա փոխարեն, մաքսայինի գրասենյակ ու Ռուսաստանի մարզաճյուղ է լինում Բաղրամյան 19 հասցեով: 

Չուշանաք, ձեզի մեռնիմ:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան 

ՊԱՐԶ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀԱՄԱՐ

Ես ցանկանում եմ մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, Հայաստանի ինքնիշխանության համար բոլոր պայքարողներին առաջարկել համախմբման մի քանի պարզ կանոններ.

1. Պայքարող ոչ մի այլ քաղաքաղական ուժի, նախաձեռնության, խմբի կամ անհատի չենք քննադատում, նրանց դեմ չենք պայքարում`անկախ նրանից, ինչքան ենք անընդունելի համարում նրանց պայքարի մեթոդները կամ թիրախավորումը, եթե վերջինս, բնականաբար, ուղղված է իշխող ռեժիմի կամ նրա անօրեն ներկայացուցիչների դեմ:
2. Պայքարող ոչ մի այլ քաղաքական ուժին, նախաձեռնությանը, խմբին կամ անհատին չենք սովորեցնում, թե ինչպես նրանք պետք է պայքարեն, նրանց փոխարեն չենք որոշում, թե ինչ պետք է անեն, ինչ միջոցառումներ կազմակերպեն կամ ինչ կարգախոսներ ընտրեն /Սա, իհարկե, չի բացառում խորհուրդ տալը, բայց բացառում է տրված խորհրդի չկատարման դեպքում քննադատելը, նեղանալը, թշնամանալը եւ մինչեւ յոթերրորդ պորտ անիծելը/
3. Պայքարի որեւէ առաջարկվող միջոցի արդյունավետությունը ապացուցում է ինքն առաջարկողը, բացառապես գործով` ինքնուրույն դիմելով դրա իրականացմանը, իսկ տապալման դեպքում`դրա համար չի մեղադրում չմիացած ուժերին 
4. Հնարավորության դեպքում պայմանավորվել համատեղ միջոցառումների եւ կարգախոսների մասին: Եթե պայմանավարովածությունը չի կայանում, մեղավորներ չեն փնտրվում եւ ոչ մեկին քննադատության չենք ենթարկում, այլ սուսուփուս շարունակում ենք գործել ինքնուրույն

Բոլորս մեծ, հասուն մարդիկ ենք, եւ գիտենք մեր սահմանադրական իրավունքները, այդ թվում նաեւ մեր համոզմունքը չփոխելու իրավունքը: Ոչ մեկս մյուսին բան չթելադրենք: 

Հետեւենք այս պարզ կանոններին եւ շատ կարճ ժամանակում կպարզվի, որ ռեժիմը միայնակ է մնացել ուժգնացող համաժողովրդկան շարժման դեմ:

ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյան

Ես վաղը, ժամը 11.30, որպես ՀՀ քաղաքացի՝ կլինեմ ԱԺ-ի դիմաց։ Իջեցրե՛ք քաղաքական դրոշները՝ հանուն հավաքական նպատակի։
Հանուն մեր երկրի..

Նախորդ հոդվածը‘Դեպի ԱԺ` ընդդեմ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող պայմանագրի վավերացման’
Հաջորդ հոդվածը‘Որդու ձերբակալությունից հետո հրաժարական է տվել Թուրքիայի ՆԳ նախարարը’