‘Դեսպան Ազնավուրը կրկին քննադատել է Հայաստանի իշխանություններին’

9895

Երբ մեկը երկու սու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ, ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները», — ասել է Ազնավուրը: Նա, ի դեպ, շարունակում է զբաղեցնել Շվեյցարիայում Հյաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը:

Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ․ — «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»:

Շանսոնյեն անդրադարձել է նաև «Շարլ Ազնավուր» հիմնադրամին, որը փոխարինում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» միությանը: Ազնավուրը նշել է, որ հիմնադրամը շարունակում է նախորդի մարդասիրական գործունեությունը՝ տուն ու տանիքից զուրկ մարդկանց օգնելու համար, բայց նաև մշակութային գործունեություն է ծավալելու:

Ազնավուրը նշել է նաեւ, որ մտադիր է կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այցը Հայաստան:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը մոտ է կարիերան իտալական Ա Սերիայում շարունակելուն’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ’