‘Դերենիկ Դումանյան. Դեղորայք ներկրողների անունները ես չեմ հարցնում ‘

1048

«Այսօր առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվում է համակարգի ընդամենը 10%-ը, 90%-ն ունի այլ լիազոր մարմին, քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում Երևանում գտնվող բուժհիմնարկների մեծ մասը, մնացած բուժհիմնարկները գտնվում են մարզային կառույցների ենթակայության տակ, այսինքն՝ մեր կառավարումը իրականացվում է ընդհանուր առողջապահական քաղաքականությանը համապատասխան: iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը բուժհիմնակրների վրա ազդեցության բացակայությամբ հիմնավորեց նախարարության որոշ բացթողումները:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դեղորայքի ներմուծման պրոցեսը մենաշնորհված է, թե ոչ, Դումանյանը պարզաբանեց, որ իր կարծիքով՝ մենաշնորհված չէ, քանի որ եթե ՀՀ-ում կա դեղորայքի ներկրմամբ զբաղվող 70 կազմակերպություն, ինչպե՞ս կարող է դա համարվել մենաշնորհային:
Իսկ այն հարցին, թե 70 կազմակերպություններից քանիսն է պատկանում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին, նախարարը արձագանքեց, որ չգիտի, ու ինքը դեղորայք ներկրողների անունները չի հարցնում: Լրագրողի հակադարձմանը, թե եթե նախախարը չի հետաքրքրվում, թե ով է դեղ ներկրում, արդյոք հնարավո՞ր է, որ ադրբեջանցին դեղորայք ներկրի Հայաստան, Դումանյանն ասաց.
«Չգիտեմ, թե նման սուբյեկտը իրավունք ունի ՀՀ դեղորայք ներմուծել, ես գիտեմ միայն ֆիրմաների անունները, ձեր կարծիքով՝ պիտի բացեմ տեսնեմ, թե ով է ֆիրմայի տնօրե՞նը, դա ինձ չի հետաքրքրում»: Նախարարը միևնույն ժամանակ հավելեց, որ Հայաստան ներկրվող ողջ դեղորայքը որակյալ ու անվտանգ է:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Դումանյանը կարծիք հայտնեց, որ պայքարը պետք է լինի կատեգորիկ և վիրահատական՝ նշելով, որ գիտի կոռումպացված պաշտոնյաների անուններ, սակայն անուններ չտվեց:
Առողջապահության նախարարը չցանկացավ մեկնաբանել, թե ինչ հարաբերությունների մեջ է այժմ Սերժ Սարգսյանի հետ և արդյո՞ք հայտնի խորհրդակցությունից հետո նրա հետ հանդիպում կամ առանձազրույց ունեցել է:

Նախորդ հոդվածը‘Կողոպտել են Էմի Ուայնհաուսի առանձնատունը ‘
Հաջորդ հոդվածը‘Լորդ Սեբաստյան Կոու. ՖԻՖԱ-ի նախագահը ապուշ է համարում անգլիական ֆուտբոլի ղեկավարներին’