‘ԵԱԶԲ. Հայաստանի մակրոտնտեսական վիճակը բնութագրվում է որպես տնտեսական ակտիվության զգալի դանդաղում` վճարային հաշվեկշռի վատթարացման ֆոնի ներքո’

1938

 

Տնտեսական ակտիվության զգալի դանդաղում` վճարային հաշվեկշռի վատթարացման ֆոնի ներքո,- այսպես են բնութագրել Հայաստանում տիրող մակրոտնտեսական իրավիճակը Եվրասիական Զարգացման Բանկի վերլուծաբանները: 

Ինչպես նշում են ԵԱԶԲ վերլուծաբանները, երկրի ՀՆԱ աճն էապես դանդաղեց 2014 թվականի 2-րդ եռամսյակում, տարեկան արտահայտությամբ կազմելով 2.3%: Վճարային հաշվեկշռի վատթարացման մասին է վկայում միջազգային համախառն պահուստների կրճատումը: Միևնույն ժամանակ, բարելավվել է պետական ֆինանսների վիճակը, իսկ պետբյուջեի պրոֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 3%-ը: Հունիսի արդյունքներով մինչև 1.8% դանդաղել է գնաճը, կապված տնտեսական ոչ բարձր ակտիվության, ինչպես նաև ներմուծվող գազի գների աճի ազդեցության վերացման հետ:

ԵԱԶԲ վերլուծաբանները նշում են նաև, որ ամռանը վատթարացել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, ու չնայած Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղման, ինչպես նաև Եվրոպայի դանդաղ աճի բացասական ազդեցությանը երկրի տնտեսության վրա, այնուամենայնիվ, Հայաստանի ՀՆԱ աճը կարող է արագանալ: Ըստ ԵԱԶԲ նորացված կանխատեսումների, 2014 թվականին այն կարող է կազմել 4.5%:

Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014 թվականի սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել էր 11.3%: Համեմատության համար նշենք, որ 2013-ի սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել էր 10.3% (2012-ի սեպտեմբերի համեմատ` 0.2%), իսկ 2013-ի հունվար-սեպտեմբերին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 3.2%: Տնտեսական ակտիվության սեպտեմբերյան աճը հիմնականում պայմանավորված էր գյուղատնտեսության ոլորտի` 43.5%, շինարարության հատվածի` 18.9% և արդյունաբերության ոլորտի` 15% աճով: Միևնույն ժամանակ, մյուս ոլորտներում աճը սեպտեմբերին եղել է ավելի դանդաղ, մասնավորապես, առևտրի ոլորտում այն կազմել է 3.5%, ծառայությունների ոլորտում (առանց առևտրի)` 2.5%, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` 3.7%:

Նախորդ հոդվածը‘Վրաստան. Նոր դատավճիռ՝ Մերաբիշվիլիի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Դրամահավաք՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ընտանիքներին օգնելու համար’