ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր և ավարտեց կարիերան

598

Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) երկամարտի 227 կգ (105+122) արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

36-ամյա Խուրշուդյանը պոկում վարժությունում էլ նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավեց 5-րդ տեղը: Խուրշուդյանն աշխարհամասի առաջնությունում վերջին մոտեցումից հետո հանեց մարզակոշիկները, արտասվեց և շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, հայ մարզուհին ավարտեց կարիերան:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում գրավեց չորրորդ տեղը: Հակոբյանը չորրորդ տեղը գրավեց նաև պոկում և հրում վարժություններում:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ նորվեգուհի Կոանդա Սոլֆրիդը, որը երկամարտում գրանցեց 280 կգ (120+160) արդյունք:

Հռիփսիմե Խուրշուդյանը 2006 թվականին դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, հաջորդ տարի նվաճել էր աշխարհամասի առաջնության ոսկե մեդալը, նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում կրկին արժանացել էր բրոնզե մեդալի:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին՝ 8-րդ օրը,  102 կգ քաշային տղամարդկանց պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Սամվել Գասպարյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Գարիկ Կարապետյաանը: Պետրոս Պետրոսյանն էլ 109 կգ քաշային տղամարդկանց պայքարում պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ վնասվածք էր ստացել և չէր շարունակել պայքարը: 

Մրցումային վերջին օրը հարթակ դուրս կգան գերծանր քաշային տղամարդիկ, Հայաստանը կներկայացնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Մրցումային նախորդ օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), արծաթե մեդալի էր արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիանա Գյուրջյանը (81 կգ) երկամարտում զբաղեցրել է չորրորդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)` 5-րդ, իսկ Իզաբելլա Յայլյանը (55 կգ)` 7-րդ։

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Մացարին հեռացվեց «Նապոլիից»