‘Ելենա Մասյուկ. Սավչենկոն մոտ օրերս կարող է մահանալ’

1446

Ռուսաստանի նախագահին կից՝ մարդու իրավունքների խորհրդի անդամ Ելենա Մասյուկը կոչ է արել տնային կալանքի փոխադրել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, որն ավելի քան 70 օր է՝ հացադուլ է անում մոսկովյան քննչական մեկուսարանում:

Մասյուկը խորհրդի մյուս անդամներին հորդորել է պաշտպանել իր կոչը և դիմել իշխանություններին՝ փոխելու Սավչենկոյի խափանման միջոցը: «Մինչ ինձ հակաճառելը, հարգելի գործընկերներ, թե Սավչենկոն հանցագործ է ու մարդասպան, թե դատարանը կորոշի, հիշեք իմ խոսքը՝ Սավչենկոն մոտ օրերս կարող է մահանալ»,- ասել է Մասյուկը: Նրա խոսքով՝ վերջին օրերին Սավչենկոյի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա արդեն 15 օր է՝ հրաժարվում է գլյուկոզայի ներարկումներից, և նրա մոտ ներքին օրգանների հետ կապված՝ լուրջ խնդիրներ են առաջացել: «Մեր ուժերից վեր է ազատել Սավչենկոյին կալանքից, բայց մենք կարող ենք դիմել նրանց, ովքեր կարող են փոխել նրա խափանման միջոցը, օրինակ՝ Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատանը կամ վարձակալած որևէ բնակարանում տնային կալանքի ենթարկել: Դա կփրկի նրա կյանքը»,- ընդգծել է Մասյուկը:

Նադեժդա Սավչենկոն մեղադրվում է անցյալ տարի Լուգանսկում սպանված երկու լրագրողների մահվան մեջ: Նա ինքը հերքում է այդ մեղադրանքը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում հայտնաբերվել է Պիկասոյի՝ 13 տարի առաջ գողացված կտավը’
Հաջորդ հոդվածը‘Ինքնահռչակ ԴԺՀ-ի հրամանատարական կազմում «զտումներ» են իրականացվում’