‘ԵՄ ներկայացուցիչ. Երեւանն ու Բաքուն Ռիգայում կքննարկեն Ղարաբաղի հարցը’

1124

Հայաստանն ու Ադրբեջանը Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում կքննարկեն ԼՂՀ հակամարտությունը: Գագաթնաժողովը կայանալու է մայիսի 21-22-ը: Այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, փոխանցում է «Риа Новости»-ն:

«Լեռնային Ղարաբաղի հարցով գոյություն ունի, այսպես կոչված, Մինսկի գործընթացը,  որում նախագահում են մեր անդամ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Նրանք հանդիպումներ են կազմակերպում երկու երկրների նախագահների եւ արտգործնախարարների միջեւ: Ռիգայում կկայանա նախագահների կամ արտգործնախարարների եւս մեկ հանդիպում: Սա այն քիչ գործընթացներից մեկն է, որին ԵՄ-ն չի մասնակցում»,- հայտարարել է ԵՄ պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձեւաչափը չի փոխվում»: «Մենք լիովին վստահ ենք, որ ռուս, ամերիկացի եւ ֆրասիացի մեր գործընկերները  գործի կդնեն հնարավոր բոլոր ջանքերը: Սակայն, ցավոք դա բարդ հարց է»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:

Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին, որում ներգրավված են նաեւ Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանում տրվել է նախագահական ընտրություններում երկրորդ փուլի ընտրարշավի մեկնարկը’
Հաջորդ հոդվածը‘Սահմանադիր հանձնաժողովը վերջնական որոշում է կայացրել «հօգուտ խորհրդարանական համակարգի» ‘