‘ԵՄ-ն Ուկրաինայի հետ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո չի ստորագրի ասոցացման համաձայնագիրը’

882

ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչինչը նորից բարձրաձայնել է Ուկրաինայի հետ Վիլնյուսում ասոցացման համաձայնագիր ստորագրելու անփոփոխ դիրքորոշումը և միևնույն ժամանակ անհիմն է համարել ավելի ուշ համաձայնագիրը ստորագրելու մասին շահարկումները:

Կոսյանչիչը այսօր «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «ԵՄ-ն հակված է Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը՝ պայմանով, որ կատարվեն դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Դա մեր նպատակն է, և բոլոր շահարկումները՝ համաձայնագիրն ավելի ուշ ժամկետում ստորագրելու մասին, ամբողջությամբ անհիմն են»:

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Վիլնյուսի պահն արդեն մոտենում է: «Մենք կոչ ենք անում Ուկրաինային օգտագործել այդ պատմական հնարավորությունը»,- հավելել է Կոսյանչիչը:

Նշենք, որ ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, իբր մեջբերելով Կոսյանչիչին, տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ ԵՄ-ն դիտարկում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից հետո Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը:

 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ոչ մի երկրում բանտարկյալներին արտասահմանում բուժելու մասին օրենք չկա’
Հաջորդ հոդվածը‘Boeing-ի «սև արկղերը» տեղափոխվել են Մոսկվա’