‘Եվս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխվել է ավտոբուսայինի’

1185

 Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողության ավտոբուսներով փոխարինելն էր: Ըստ այդմ, նախատեսված էր նաև երթուղիներ շահագործել մասնավոր ներկրումների հաշվին: Երթուղիների մրցույթների անցկացումից հետո այս տարի առաջին անգամ, «Հայր և որդի Մկրտչյաններ» ընկերության ներկրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի հարավկորեական արտադրության «Հունդաի» մակնիշի 18 նոր ավտոբուսներով: Մասնավոր ընկերությունների կողմից մինչև 2013 թվականի առաջին եռամսյակ Երևան կբերվի միջին տեղատարողության ևս 92 ավտոբուս, ինչը հնարավորություն կտա ավտոբուսայիններով վերափոխելու ևս 5-6 երթուղի: Այս աշխատանքները հետագա ժամանակատվածում շարունակական բնույթ կկրեն: Մինչ օրս 6 միկրոավտոբուսային երթուղի էլ վերագործարկվել էր չինական ավտոբուսներով:

Այսուհետ չինական ավտոբուսներով կսպասարկվի նաև թիվ 24 միկրոավտոբուսային երթուղին, որը վերագործարկվելուց հետո, դարձյալ առանց ուղեգծի փոփոխության, կունենա 13 համարանիշը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախատոնական օրերին, մինչև հունվարի 13-ը ներառյալ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կգործի սովորական ժամանակացույցով: Դեկտեմբերի 31-ին ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կսպասարկվեն մինչև կեսգիշեր, իսկ Երևանի մետրոպոլիտենը`մինչև ժամը 02:00-ն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախորդ հոդվածը‘Գեղարքունիքի մարզպետի որդին հո չի՞ կարող էդքան ճամփա կտրել, ինչ է թե գա աշխատանքի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թվմասյանի մոտ առաջընթացն ակնհայտ է. նա կարողանում է նախադասությունները միմյանցից անջատել. Մամուլ’