‘Եվրահանձնակատար Ֆյուլեն Բրյուսելում հանդիպել է ԲՀԿ պատվիրակության հետ’

875

Եվրամիության ընդլայման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հինգշաբթի երեկոյան հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչների, ինչպես Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ է ասվում` Հայաստանի Ազգային ժողովի «ամենամեծ ընդդիմադիր կուսակցության հետ»: 

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, դեկտեմբերի 6-ի երեկոյան ԲՀԿ-ի եւ Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական օրակարգին առնչվող բարեփոխումները եւ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված առաջարկությունները:

Համաձայն աղբյուրի, հանձնակատար Ֆյուլեն կոչ է արել, որպեսզի ընդդիմությունը քննադատական, բայց նաեւ կառուցողական ներգրավվածություն ունենա իշխանության հետ վերոնշյալ գործընթացում: Ասոցիացման համաձայնագրի, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առնչությամբ Շտեֆան Ֆյուլեն կոչ է արել իր զրուցակիցներին բազմակուսակցական համաձայնության գալ այն բարեփոխումների շուրջ, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրի արդյունավետ իրականացման համար:

«Ազատության» թղթակիցը նշում է, որ սա ԲՀԿ պատվիրակության բրյուսելյան այցի վերջին, բայց թերեւս ամենակարեւոր հանդիպումն էր: Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի եւ այլ եվրոպացի պաշտոնյաների հետ:

Դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ԲՀԿ պատվիրակությունը վերադառնում է Երեւան:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը Եվրամիությանը մեղադրում է դեմոկրատական ազատությունների սահմանափակման մեջ’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’