‘«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով. «Genealogy»’

1166

«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը կներկայանա հատուկ մրցույթի համար ձևավորվելիք «Genealogy» խմբով, որը կկատարի «Don’t deny»(«Մի՛ ժխտիր») երգը: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա «Կառուցելով կամուրջներ» նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են “եվրատեսիլյան” մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ

«Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը` Հանրայինի ստեղծագործական թիմը համախմբել է 1915-ին աշխարհի 5 մայրցամաքում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Առաջին ալիքը Հայաստանի ներկայացուցիչ «Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը կհայտնի փետրվարի 16-ին:

Հիշեցնենք, «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին և 23-ին:  

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.050 մլն դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Արթուր Բաղդասարյանից հետո շատ դժվար է ԱԽՔ նշանակելը, որովհետև ոչ մեկը չի համաձայնվի. «ՉԻ»’