‘Երբ պետությունը դարձնում ես համայնք’

3014

Օրեր առաջ մամուլում այսպիսի մի լուր աչքովս ընկավ. «Գերմանիայում գործող երկու հրեական կազմակերպություններ վրդովմունք են հայտնել ԳԴՀ կառավարության կողմից կազմավորված հակասեմականության հարցերով հանձնաժողովում հրեաների բացակայության առիթով»: Մինչ այդ էլ բազմաթիվ այլ լուրեր էին հրապարակվել, որ այս կամ այն ընկերությունը խանութներից ետ է կանչել իր արտադրած այս կամ այն ապրանքը, որովհետեւ հրեական համայնքը այս կամ այն նկարն ու լոգոն խնդրահարույց է համարել: Դիցուք՝ աշխարհահռչակ ZARA ընկերությունը ետ կանչեց մանկական դեղին աստղով զոլավոր գիշերազգեստները, որոնք շատ նման էին նացիստական ճամբարների գերիների համար նախատեսված համազգեստին: Համայնքին հաջողվել էր իր երկրում ազդել կայացվող որոշումների վրա: 

Ու հիշեցի օրեր առաջ հռչակված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը», որտեղ հանձնաժողովի կողմից շնորհակալություն է հայտնվում «այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, եւ այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաեւ կանխել ժխտողականության վտանգավոր դրսեւորումները»:

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «Խոհեր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ» նյութում այդ կապակցությամբ գրում է. «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը որեւէ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար: Նման կարգի շնորհակալական զեղումները որքան բնական են սփյուռքահայ համայնքների լոբբիստական ուղերձների պարագայում, նույնքան խոտելի են պետության անունից արվող հայտարարությունների համար»:

Եւ իրապես, հեռուստացույցով այդ շնորհակալությունների հիշատակումները լսելիս՝ միակ զգացումը, որ ունենում ես, ամոթն էր: Այն առումով, որ չնայած արդեն 25 տարվա պետականության գոյության, չենք էլ ցանկանում դուրս գալ աշխարհից «արդարություն մուրացող» եւ «թղթե շերեփով» արդարություն խնդրող կոմպլեքսների շրջապտույտից: Փորձեցի գտնել մի օրինակ, երբ, ասենք, Իսրայելի պետական պաշտոնյաները՝ նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար կամ որևէ այլ մեկը շնորհակալություն հայտնեն աշխարհի որևէ երկրի` Հոլոքոսթը ճանաչելու համար: Չգտնվեց: Ու ոչ թե այն պատճառով, որ հրեաների ցեղասպանությունը արդեն ճանաչվել է աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից (նման շնորհակալություններ անցյալում էլ չէին հնչում), այլ նաև նրա համար, որ չճանաչելու խնդիրն ու խարանը Իսրայելինը չէ, այլ չճանաչող պետությանը, քանզի այդ պետությունն է, որ անհարմար վիճակի առաջ է հայտնվելու ողջ քաղաքակիրթ աշխարհի առաջ ու խոցելի լինելու այն միջազգային պարտավորությունների տեսանկյունից, որոնք հիշատակված էին Տեր-Պետրոսյանի հոդվածում:

Միևնույն ժամանակ հրեական համայնքները կարող են իրենց թույլ տալ նման բողոքներ և շնորհակալություններ, որովհետև նրանք կաշկանդված չեն պետական շահերի բարդ ու բազմաշերտ սխեմաներով, և նրանց գործողությունները գտնվում են սոսկ համայնք-կառավարություն տիրույթում: Պետության պարագայում խնդիրները դիտարկվում են բոլորովին այլ տեսանկյունից՝ ելնելով բացառապես նրա պետական ու քաղաքական առաջնահերթություններից և շատ հաճախ մոտեցումների կամ մեթոդների առումով կարող են ու չեն համընկնում համայնքների տեղային պատկերացումներին: Օրինակ, 2005թ. նույն Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնին սուլում էր Նյու Յորքի հրեական համայնքը, երբ վերջինս նրանց հետ հանդիպման ժամանակ փորձում էր բացատրել, որ անհրաժեշտ է դուրս բերել հրեա բնակչությանը Գազայի գոտուց: «Հրեան չի կարող տարհանել հրեային»,- բղավում էր դահլիճի կեսը և վեր պարզում նարնջագույն սիմվոլիկան՝ ի նշան բողոքի:

Պետական շահերի և սփյուռքի համայնքային պատկերացումների բախումը բնական երևույթ է: Մյուս կողմից էլ ողջունելի է համայնքների ակտիվությունն իրենց կառավարությունների ընդունած կամ ընդունելիք որոշումների վրա ազդելու նպատակադրությունը, ինչպես հոդվածի սկզբում ներկայացված դեպքում: Ինչքան շատ ազդեն` այնքան լավ: Պետությունը նույնիսկ կարող է ոչ հրապարակային աջակցություն ցույց տալ իր սփյուռքի համայնքներին՝ իրենց երկրներում նման գործունեությունն էլ ավելի ակտիվացնելու համար: Դա հնարավոր է և նույնիսկ օգտակար: Վտանգավորը պետական շահերի ստորադասումն է համայնքայինին, երբ կառավարությունը թույլ է տալիս, որ սփյուռքի համայնքային պատկերացումները ներմուծվեն պետական քաղաքականության օրակարգ. մի բան, որ բացառապես պետք է ելնի պետության (Հայաստանի) ներսում ու նրա շուրջ ձևավորված քաղաքական իրողություններից: Երբ պետությունը, նրա անունից գործող կառավարությունը կուլ է գնում նման տեղային պատկերացումների (ընդ որում, աշխարհում յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատկությունները. Հոլանդիայի հայ համայնքը կարող է բացարձակապես տարբեր լինել Սիրիայի, Ֆրանսիայինը՝ Եգիպտոսի, Միացյալ Նահանգներինը՝ Թուրքիայի հայ համայնքներից), ապա սա կարող է պետությանը տանել արկածախնդրության, ինչի ականատեսն ենք այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի պարագայում:

Վ.Ս. 

Նախորդ հոդվածը‘ Թիմ Շերվուդը՝ «Ասթոն Վիլայի» մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուի վատագույն ցուցանիշը’