‘Երգչուհի Ռուսլանան սպառնում է ինքնահրկիզվել Մայդանում’

1145

Ուկրաինացի երգչուհի Ռուսլանան, որ Կիևում մասնակցում է «Եվրամայդանին», հայտարարել է, որ պատրաստ է ինքնահրկիզում իրականացնել, հաղորդել է «Обозреватель»-ը: «Անկեղծ եմ ասում, ես այս Մայդանում կինքնահրկիզվեմ, եթե փոփոխություններ տեղի չունենան»,- ասել է երգչուհին՝ ելույթ ունենալով ցուցարարների առջև և պահանջելով գործող իշխանության հրաժարականը:

Ռուսլանան «Եվրամայդանին» է միացել հենց սկզբից (հիշեցնենք, որ Կիևի Անկախության հրապարակում, ի պաշտպանություն եվրաինտեգրման՝ հանրահավաքներն սկսվել են նոյեմբերի 21-ին, այն բանից հետո, երբ իշխանությունները կասեցրին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը): Անցյալ շաբաթ երգչուհին իր բողոքն արտահայտեց հացադուլ հայտարարելով:

Երբ իշխանությունները նոյեմբերի 30-ի գիշերը ցույցը ցրելու փորձ արեցին, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ վնասվածքներ ստացան, Ռուսլանան, ամուսնու հետ միասին, զբաղված էր վիրավորներին հիվանդանոց տեղափոխելով:

Լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ Ռուսլանան Մայդանում է ամեն օր և մշտապես ոգևորում է ցուցարարներին: «Ես լողազգեստով բեմ կբարձրանամ և սառույցով կշփեմ մարմինս, որ դուք տաքանաք»,- մասնավորապես՝ հայտարարել է նա բեմից:

Ռուսլանա Լիժիչկոն «Եվրատեսիլի» 2004 թ. հաղթողն է: Նույն թվականին նա պաշտպանել է «նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում, այնուհետև դարձել Գերագույն ռադայի պատգամավոր՝ նախագահամետ «Մեր Ուկրաինայից», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանություն ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման նշել է իր հավանական ժառանգորդների անունները’