‘Երթ. Հայաստանում ոչինչ չի փոխվի, մինչեւ չազատվենք Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմից ‘

1223

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ավանդական երթը` նվիրված մարդու իրավունքների միջազգային օրվան: Մինչ երթի մեկնարկը` հրապարակում ելույթ ունեցավ Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ով իր ելույթում խոսեց վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն քննարկվող հարցերից` արդյո՞ք ճիշտ էր Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, կամ արդյո՞ք ճիշտ էր ԵՄ-ի հետ ասոցացման գործընթաց սկսելը, արդյո՞ք դրանով Հայաստանը չի կորցնում իր ինքնիշխանությունը: «Մինչ արտաքին աշխարհում ինքնիշխանությունից խոսելը, եկեք այդ ինքնիշխանությունը նվաճենք ներսում»,- հայտարարեց Զուրաբյանը` հավելելով, որ մարդու իրավունքները, ազատությունն ու ինքնիշխանությունը հավասարազոր են:

Զուրաբյանը նշեց, որ 1988-ին էլ կային տարբեր նախաձեռնություններ, որոնք պայքարում էին տարբեր հարցերում հաջողություն հասնելու համար. Մաշտոցի կազմակերպությունը պայքարում էր Հայոց լեզվի իրավունքների համար ԽՍՀՄ-ում, կային նախաձեռնություներ, որոնք պայքարում էին նրա համար, որ հայորդիները ծառայեն սովետական բանակում, բայց Հայաստանում:

«Բազմաթիվ նախաձեռնություններ կային, բայց նրանց բոլորին միավորում էր մեկ պայքար` հանուն Ղարաբաղի, Հայաստանի անկախության, ժողովրդավարության, եւ դա էր այս բոլոր նախաձեռնություններին անպարտելի դարձնում, դա էր պատճառը, որ բոլոր այս նախաձեռնությունները, գործելով ինքնուրույն, բայց միավորված լինելով մեկ օրակարգի շուրջ` հասնում էին հաղթանակի փոքր եւ մեծ հարցերում:

Կոչ եմ անում այստեղ հավաքված բոլոր նախաձեռնություններին, որոնք պայքարում են տարբեր բնագավառներում իրենց իրավունքների համար, հասկանալ մի բան` Հայաստանում ոչինչ չի փոխվի, մինչեւ մենք չազատվենք Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմից»,- հայտարարեց Զուրաբյանը:

Ելույթից հետո նա ընթերցեց Իրավունքի երթի մասնակիցների ուղերձը Հայաստանի ժողովրդին եւ միջազգային հանրությանը, որը երթի մասնակիցների կողմից ընդունվեց միաձայն: Ուղերձին, բացի Կոնգրեսից, միացել են նաեւ ՀԺԿ-ն եւ ազատամարտիկները, ովքեր եւս մասնակցում են այսօրվա երթին: Այժմ երթի  մասնակիցները շարժվում են դեպի Երեւանում ԵԽ գրասենյակ, որտեղ կհանձնեն ուղերձի անգլերեն տարբերակը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ չորս խմբակցությունները ՍԴ դիմելու համար ստորագրահավաք են սկսել’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանը՝ ՌՊԼ-Ի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ’