‘Երջանիկ Աբգարյանը՝ Բալայանի նամակի մասին. Անմտության փայլուն օրինակ ‘

1972

iLur.am-ի զրուցակիցն է Երջանիկ Աբգարյանը

Պարոն Աբգարյան, Զորի Բալայանի` ՌԴ նախագահին ուղղված նամակը շատերի մոտ դժգոհություն է առաջացրել: Ինքներդ ինչպե՞ս կգնահատեք այն:

-Զորի Բալայանի «բաց նամակը» Պուտինին մարդկային եւ ազգային անմտության «փայլուն» օրինակ է: Վստահեցնում եմ ձեզ, որ այդ կարգի կասկածելի դատարկաբանության հետեւանքով է, որ այսօր աշխարհում հայերին ծաղրում ու արհամարհում են, իսկ Հայաստանն օրեցօր վարաբեկվում է աշխարհի ժողովուրդների աչքում: Երեւում է՝ սա էլ է եղել է Զ. Բալայանի նպատակներից մեկը: Այլապես անհասկանալի են ժամանակից ու տարածությունից կտրված այն պատմախոհական «քաղաքական» զեղումները, որոնց արժեքը ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր, եւ վա՛ղը բացահայտ զրո է, պատմությամբ ապացուցված զրո: Դա անբնական երեւույթ է` ազգային առումով դա ինքնանվաստացում, ինքնամերժում եւ ինքնաոչնչացում է, իսկ անձնապես` գեղջկական ինքնարժեւորման հավաստագիր (պարզվում է, որ չէ՛, Բաքվի մետրոն Զորի՛ն չի պայթեցրել, պատկերացնո՞ւմ եք: Չէ՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ, իսկապես ինքը չի, չհավատա՛ք): Մի խոսքով` խաղք ու խայտառակություն, որը մեր ընդդիմախոսների համար արժեքավոր փաստարկ է՝ ապացուցելու համար, որ «Հայաստան» կամ նույնիսկ «Արցախ» կոչվածներըը միշտ եղել ու մնում են աշխարհագրական հասկացություն:

Ձեր կարծիքով՝ արդյո՞ք սա գրվել է ՀՀ իշխանությունների իմացությամբ, թե՞ ինքնագործունեություն է:

-Դա ինձ համար լումայի արժեք չունի, թեկուզ այդ պատվերը իջեցված լինի ռուսական կողմից: Ակնհայտ է մի բան` այդ «բաց նամակը» իրականում հասցեագրված է հայաստանյան հայությանը, նրա ուշադրությունը խնդրահարույց դատարկաբանությունների վրա շեղելու, երկրում խառնակչություններ հրահրելու եւ անկայունություն առաջացնելու գլխավոր նպատակով, ինչը կնպաստի Հայաստանի սահուն անցմանը ռուսական Մաքսային միություն:

Սա կարծես առաջին նման նամակը չէր. աղմկահարույց մի գրություն էլ Զ.Բալայանն ուղարկել էր դեռ Ղարաբաղյան շարժման տարիներին: Որպես Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած մարդ՝ կխնդրեի Ձեզ այդ փաստին անդադառնալ. Կարելի՞ է ենթադրել, որ նման նամակները նրա մոտ սովորություն են դարձել:

-Անվտանգ ժամանակներում դա խնդիր չէ, իսկ ընդանրապես՝ հայերը ռուսաց թագավորներին, առաջին կամ գլխավոր քարտուղարներին ու նախագահներին նամակ են գրում՝ սկսած Իսրայել Օրու ժամանակներից առ այսօր, երբ Ռուսաստանն արդեն ոչ թե տիրող, այլ օտար պետություն է: Այս ենթատեքստում, իհարկե, Զ. Բալայանին Ակսել Բակունցի հայտնի կերպարի` Ադամով Արությունի բախտին արժանանալու վտանգը չի սպառնում: Եթե հիշողությունս չի դավաճանում` այդպիսի մի նամակ Բալայանը գրել է նաեւ 1998-ի պետական հեղաշրջմանը նախորդած ամիսներին: Կարելի է ենթադրել, որ նա այդպիսի նամակներ պատահաբար չի գրում՝ հաշվի առնելով դրանց հաջորդող իրադարձությունները:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Ինչպես ազատ արձակվեց Տիգրան Առաքելյանը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Արարատի նախկին մարզպետը Վովա Գասպարյանին խորհուրդ կտա ‘