‘Երևանը պնդում է, որ ադրբեջանցիները գոհ են հեռացել «Զվարթնոց» օդանավակայանից’

1335

Դեկտեմբերի 21-ին և 22-ին Թբիլիսիում խիտ մառախուղի պատճառով «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Կիև-Թբիլիսի-Կիև չվերթը կատարվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով,  iLur.am-ին տեղեկացրել են Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

Մասնավորապես, Կիևից Թբիլիսի թռչող ինքնաթիռները ստիպված են եղել վայրէջք կատարել Երևանում: Առաջին դեպքում ուղևորների թվում եղել են 24 ադրբեջանցիներ, երկրորդում՝ 13: «Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՈՒՄԱ-ի բոլոր ուղևորներին համապատասխան ծառայություններն են տրամադրվել: Երկրորդ դեպքում չորս ուղևորներ հրաժարվել են դուրս գալ ինքնաթիռից և, օդանավի անձնակազմի համաձայնությամբ՝ մնացել են այնտեղ: Նրանք բացատրել են, որ իրենք իրավապահ մարմինների աշխատակիցներ են և կարող են խնդիրներ ունենալ Բաքու վերադառնալուց հետո: Գիշերը մինուսային եղանակ էր, ուստի մենք կազմակերպել ենք ինքնաթիռի սրահի ջեռուցումը: Ինքնաթիռից իջած ուղևորներին տրամադրվել է սնունդ, հնարավորություն է տրվել արտարժույթ փոխանակել, և այլ ծառայություններ են մատուցվել: Ուղևորներից անձնագրերը չեն վերցվել, կնիքներ չեն դրվել, քանի որ նրանք չեն հատել պետական սահմանը: Բոլոր ուղևորները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և լավ տրամադրությամբ են հեռացել Երևանից»,- հաղորդել են վարչությունից:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել, թե իբր Ադրբեջանի քաղաքացիները Երևանի օդանավակայանում խնդիրներ են ունեցել, նրանց անձնագրերում հայկական կողմը փորձել է մուտքի կնիքներ դնել:

Նախորդ հոդվածը‘Երևանի տարբեր շուկաներում իրացվել է սատկած խոզի միս’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը’