‘Երևանում բացվում է հայ բարերարների ճեմուղի’

2979

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված «Հայ բարերարների ճեմուղու» բացման հանդիսությունը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին, Երևանի Օղակաձև զբոսայգում (Միքայել Նալբանդյանի արձանի հարևանությամբ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և պատվերով մայրաքաղաքի սրտում կանգնեցվեցին հայազգի մեծ զավակներ, բարերարության խորհրդանիշներ Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները և բարերարության հավաքական  կերպարը խորհրդանշող մեկ հուշակոթող»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ճեմուղու բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը:  Բարերարների ճեմուղու ժապավենը կտրելու պատիվը վերապահված է Գալուստ Գյուլբենկյանի և Ալեք Մանուկյանի անվան դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին: Արարողության ընթացքում կնչի ՀՀ պետական օրհներգը, բարձրաստիճան հյուրերի մուտքը կողջունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի փողային նվագախումբը և ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթը:

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլի. գործնական քայլեր անելու հերթը ՆԱՏՕ-ինն է’
Հաջորդ հոդվածը‘ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախաձեռնում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում’