‘Երևանում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթը’

1565

Այսօր՝ ապրիլի 23-ի երեկոյան, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը: Նախքան երթի մեկնարկը մասնակիցներն այրեցին Թուրքիայի դրոշը՝ այդ կրակով վառելով իրենց ջահերը:  «Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ» կարգախոսով, վանկարկումներով ու հայրենասիրական երգերով պահանջատեր երիտասարդները շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ:

Ջահերով երթի մասնակիցների մեջ iLur.am-ի թղթակիցը հանդիպեց նաև չորս կուրսանտի, ովքեր սովորում են Ռազմական ավիացիոն ինստիտուտի երրորդ կուրսում: Այն հարցին, թե ինչու ենք նրանք մասնակցում երթին, կուրսանտներից մեկը՝ Գուրգենը, պարզաբանեց. «Մասնակցում ենք, որ Թուրքիան տեսնի, որ մեր բանակը կանգուն է»: Կուրսանտ Մելքոնն էլ ավելացրեց՝ «Սրանով մենք սատար ենք կանգնում մեր ժողովրդին, համենայն դեպս՝ հակաօդային պաշպանության զորքերը»:

Ալբերտն էլ նշեց, որ ամեն տարի իր պարտքն է համարում մասնակցել, քանի որ ինքը ցեղասպանություն վերապրածի ծոռ է: Կարենը, սակայն, անկեղծացավ, որ ընկերների հորդորով է եկել ու այժմ չի զղջացել դրա համար:

Ջահերով երթի մասնակիցների թվում էին նաև Սիրիայից հայրենիք տեղափոխված Օդաբաշյանների ընտանիքը: iLur.am-ի հետ զրույցում ընտանիքի անդամները հազիվ էին զսպում հուզմունքը: Ընտանիքի մայրը՝ Մարալը, զրույցում ասաց, որ չէր էլ պատկեցնում, որ Հայաստանում ջահերով երթը նման մասսայականություն ունի:

«Վերջին տարիներին Սիրիայի կառավարությունը շատ խոչընդոտներ էր ստեղծում սիրահայ համայնքի համար, արգելում էին երթեր կամ ցույցեր կազմակերպել: Հայրենիքը դրանով է լավ, որ քո նահատակներին հիշելու համար արգելքներ չկան»,- մանրամասնեց սիրահայ տիկինը:

Հոր ուսերին նստած դեպի Ծիծեռնակաբերդ էր գնում նաև 4-ամյա Սամվելիկը: Երբ հարցրեցինք, թե ուր է գնում, թոթով լեզվով արտաբերեց՝ «Ծիծեռնակաբերդ»: Պատասխանելով այն հարցին, թե ինչու, փոքրիկը պարզամտությամբ ասաց՝ «պապաս տանում է, ես էլ գնում եմ»: Իսկ հետո Սամվելիկը, լսելով «ամոթ, թուրքերին» վարկանկումները կողքից անցնող երիտասարդներից, սկսեց նույնպես կրկնել:

Երբ ջահերով երթը հասավ Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների դրոշները խոնարհեցին անմար կրակի մոտ, հնչեց տերունական աղոթքը ու կատարվեց անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունը:  

Լիլիթ Լալայան

Նախորդ հոդվածը‘Հերթական ձոնը Տարոն Մարգարյանին՝ «Հայաստան աշխարհի մի մասնիկ» Հրանուշ Հովհաննիսյանից’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Ի՞նչ գործ ունի «Ավելի լավ Երեւան»-ը հավանելու սկրիպտը Mediamall-ի գլխավոր էջի կոդում’