‘Եւ կրկին «Հայլուրի» Հայաստանի ու իրական Հայաստանի մասին (տեսանյութ)’

2964

iLur.am-ը փետրվարի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանման հակիրճ վերլուծություն է իրականացրել: Հասկանալու համար, թե ինչն է հուզում հայաստանցի հանրությանը իրականում, եւ ինչ են ցույց տալիս դեռեւս ամենամեծ վարկանիշն ունեցող հեռուստաալիքները, ընթերցողին ներկայացնում ենք այս տեսանյութը:

Այսպես, հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության` «Հայլուրի» (այն այժմ Առաջին լրատվական է կոչվում) համար օրվա ամենակարեւոր լուրը Ադրբեջանում տեղի ունեցած 5 բալանոց երկրաշարժն է:

 Հասկանալի է, որ հանրային հեռուստատեսության լրատվականի պատասխանատուներն ընտրում են հարեւան ու ոչ բարեկամ երկրից ստացվող այն լուրերը, որոնք հայաստանցիների մոտ ատելության կամ սարսափի զգացում են արթնացնում (կարելի է պատկերացնբել, թե որքան ավելի շատ եթերաժամանակ կտրամադրվեր Ադրբեջանից եկող լուրերին, եթե, ասենք երկրաշարժի հետեւանքով ավերածություններ ու զոհեր լինեին): Հաջորդիվ գալիս է լուրը հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածության մասին:  

Այնուհետեւ, ի պատասխան սահմանում ադրբեջանցիների ստեղծած լարվածության, «Հայլուրի» մեկնաբանի խրոխտ ձայնն ազդարարում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում փորձարկվել են ինչ-որ անօդաչու սարքեր: Դրանից հետո` փշալարեր եւ սահմանային ուղեկալներ ցուցադրող կադրերի ուղեկցությամբ մատուցվում են լուրեր հայ-թուրքական սահմանին տեղի ունեցող ինչ-որ գործընթացների մասին, եւ, վերջապես, լավ լուր` Հայաստանում վերջին տարիներին նկատվում է նորածինների եւ մայրերի մահացության դեպքերի շարունակական կրճատում:

Իսկ այդ նույն ժամանակ համացանցային ԶԼՄ-ները Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող, միանգամայն այլ ուղերձներ կրող լուրեր են հեռարձակում` Ստրասբուրգում, ի հեճուկս իշխանությունների հույսերի, տապալվում է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող նոր փաստաթղթի ստորագրումը; ոստիկանությունը բերման է ենթարկում  քաղաքում Սերժ Սարգսյանին պատկերող գրաֆիտիներ անող ընդդիմադիր ակտիվիստներին, Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ բողոքում են հայ երկաթուղայինները, Կապանում բողոքի ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների:

«Հայլուրի» (նույնն է, թե գրեթե բոլոր հեռուստաալիքների լրատվականների) եթերը դիտողի մոտ տպավորություն է, որ Հայաստանում արդիական սոցիալական խնդիրներ չկան. միակ խնդիրը թշնամի Ադրբեջանն ու նրա հովանավոր Թուրքիան են, որոնցից հայ ազգին փրկելու ամենալավ, (երբեմն` միակ) միջոցը ռուսական ռազմակայանն է: Սոցիալական խնդիրներ, արտագաղթ, գործազրկություն, ըստ այդ լրատվամիջոցների, Հայաստանում չկան, կա միայն լավ լուրեր, հիմնականում` ապառնի ժամանակով

Միեւնույն ժամանակ, այլընտրանքային լրատվամիջոցների (տվյալ դեպքում` «Ազատություն» ռադիոկայանի) լսարանին ներկայացվում է հայաստանյան հանրությանը հուզող իրական` սոցիալական, տնտեսական եւ քաղաքական խնդիրները:

Նախորդ հոդվածը‘Պետդումա. «Эхо Москвы»-ն պետք է ներողություն խնդրի’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը առաջ է շարժվում ԱՄՆ-ի հետքերով’