‘Զարաֆյան. Սևանից բացթողումների ավելացման հնարավորությունը ջրային ռեսուրսների հանցավոր կառավարման օրինակ է’

747

Սևանից բացթողումների ավելացման հնարավորությունը ջրային ռեսուրսների հանցավոր կառավարման օրինակ է, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «ԷկոԼուրի» ղեկավար Ինգա Զարաֆյանը:

ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկում է օրենսդրական մակարդակով ավելացնել Սևանից բացթողումների առավելագույն ծավալը մինչև 240 մլն խմ` ներկայիս 170 մլն խմ փոխարեն: Որպես շարժառիթ, մասնավորապես, նշվում է, որ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային աղբյուրներից սկիզբ առնող Սև ջուր գետը չի կարող ապահովել ոռոգման համակարգը:

«Դա ջրային ռեսուրսների հանցավոր կառավարման օրինակ է: Բանն այն է, որ հիշյալ հիմնավորման մեջ տվյալներ են բերվում, թե որքան վատնողաբար, առանց որևէ նորմ հաշվի առնելու, ջրի օգտագործման թույլտվություններ են տրամադրվել, առաջին հերթին` Բնապահպանության նախարարության կողմից»,- հայտարարել է Զարաֆյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի վերականգնվող պաշարը կազմում է 1.226 մլրդ խմ, սակայն Բնապահպանության նախարարությունը ձկնային տնտեսություններին 1.496 մլրդ խմ չափով ջրօգտագործման թույլտվություն է տվել: Արդյունքում դաշտավայրի 638 արտեզյան հորերից 122-ը չորացել է, և 6200 հա հող առանց ջուր է մնացել: Զարաֆյանն ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ այդ հանցագործության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Ըստ որոմ, իրավիճակի կայունացմանն ուղղված ինչ-որ միջոցներ են ձեռնարկվում նույն Բնապահպանության նախարարության կողմից, որը թույլ է տվել այդ խախտումները: «Ստացվում է, որ մենք փոխում ենք օրենքը` ի հաճույս մեր վատ կառավարման: Ընդհանրապես «Սևանի մասին» օրենքը տարեցտարի դեկլարատիվ բնույթ է կրում»,- նշել է փորձագետը: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԳԴՀ դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կիևը գտել է սադրանքների կազմակերպչին’