‘Զելենսկու խորհրդականն առաջարկում է ռուսաց լեզուն վերանվանել «ռուսաստաներեն»’

1960

«Ժողովրդի ծառա» կուսակցությունից  գերագույն ռադայի պատգամավորության թեկնածու, Ուկրաինայի նախագահի խորհրդական Նիկիտա Պոտուրաևի կարծիքով՝ իրենց երկրում ռուսաց լեզուն էապես տարբերվում է այն լեզվից, որով խոսում են Ռուսաստանում: Ուստի, նրա կարծիքով՝ Ուկրաինայում այն պետք է շարունակել անվանել «ռուսերեն», իսկ Ռուսաստանի դեպքում՝ «ռուսաստաներեն»:

Պոտուրաևը նաև համարում է, որ ուկրաինական քարտեզների վրա պետք է անվանափոխել նաև Ռուսաստանը: «Մեր քարտեզների վրա կարող ենք այն անվանել Մոսկովիա: Ի՞նչն է մեզ խանգարում»,- հավելել է նա՝ կոչ անելով չվախենալ նման նորարարություններից:

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն 2019 թ. մայիսի 15-ին ստորագրել է «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի կիրառությունն ապահովելու մասին» օրենքը, որը նախատեսում է, որ քաղաքացիները պարտավոր են կյանքի բոլոր ոլորտներում օգտագործել ուկրաիներենը: Իսկ օրենքի կատարմանը հետևելու են «լեզվական տեսուչները»:

Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր բացառել, որ ապագայում Դոնբասում ռուսաց լեզուն կարելի կլինի կիրառել փաստաթղթաշրջանառություն վարելու ընթացքում: Ընդ որում՝ նա այդ հայտարարությունն  արել էր ռուսերենով, նաև վստահություն էր հայտնել, որ երկրում լեզվական խնդիր գոյություն չունի:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աշխատանքային խումբ՝ էներգետիկ վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘AS. «Ռեալ»-ը հրաժարվել է Նեյմարի տրանսֆերից’