‘Զեկույց. Հայաստանը «ծերացող երկիր» է համարվում’

795

Հայաստանը 51-րդ տեղն է զբաղեցրել  Global AgeWatch Index-ի տարեցների կենսամակարդակին վերաբերող վարկանշային աղյուսակում:

«60-ից բարձր տարիքի անձանց կրթության և աշխատանք ունենալու  մակարդակով Հայաստանը 3-րդ տեղում է և զիջում է միայն ԱՄՆ-ին ու Նորվեգիային: Սակայն առողջական վիճակը և «բարենպաստ միջավայրի» ցուցանիշները մտահոգիչ են, համապատասխանաբար`  75-րդ և 80-րդ հորիզոնականներ», — ըստ «Արմինֆո» գործակալության՝ ընդգծվում է զեկույցում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Հայաստանը «ծերացող երկիր» է համարվում, և արդեն 2050 թվականին 60-ից բարձր տարիքի անձանց թիվը Հայաստանում կգերազանցի բնակչության ընդհանուր թվի 30%-ը:

Global AgeWatch Index-ի զեկույցում թոշակառուների կենսամակարդակի առումով լավագույն երկիր է նշվում Շվեդիան: Հայաստանի հարևաններից վարկանիշային աղյուսակում գնահատվել է տարեցների կենսամակարդակը Թուրքիայում (70) և Վրաստանում (37): Ընդհանուր առմամբ, փորձագետները հանգել են եզրակացության, որ աշխարհը շեշտակի ծերանում է, և արդեն 2050 թվականին 60-ից բարձր տարիքի անձանց թիվը կկազմի երկրագնդի բնակչության ընդհանուր թվի 22%:

Ավելացնենք, որ կենսամակարդակը գնահատելիս հաշվի են առնվել մի քանի պարամետրեր. 60-ից բարձր տարիքի քաղաքացիների կուտակած միջոցների անվտանգությունը, բուժհաստատություններ դիմելու թիվը, կրթությունը, աշխատողների թիվը և սոցիալական ակտիվությունը:

Նախորդ հոդվածը‘Կապելլո. Չավին տասնամյակի լավագույն կիսապաշտպանն է’
Հաջորդ հոդվածը‘Երկու անվավեր քվեաթերթիկները դեմ են եղել քվեարկված, բայց սխալ նշանով ‘