‘Զինյալներն Իրաքի հյուսիսում առևանգել են Վրաստանի 16 քաղաքացիների’

876

Զինված ծայրահեղականները, որոնք վերահսկողություն են հաստատել Իրաքի Նայնավա նահանգում՝ ներառյալ դրա վարչական կենտրոն Մոսուլը, առևանգել են Վրաստանի 16 քաղաքացիների: Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի՝ մարդու իրավունքների հարցերով վարչության մամուլի խոսնակ Ռուպերտ Քոլվիլը:  «Առևանգվել են 16 վրացիներ, որոնք աշխատում էին Մոսուլում՝  հեռահաղորդակցության ընկերությունում»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ թվարկելով այն կոպիտ խախտումները, որոնք թույլ են տվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները: Այդ թվում՝ խոսքը գրեթե 30 քաղաքացիական անձանց սպանության մասին է, որոնք աշխատել են ոստիկանությունում կամ անվտանգության ծառայությունում, չորս կանանց ինքնասպանությունը, որոնց, մի վարկածի համաձայն՝ բռնաբարել են, մեկ այլ վարկածով՝ հարկադրում էին ամուսնանալ ԻԼԻՊ-ի գրոհայինների հետ, կալանավորների ազատ արձակումը բանտերից և նրանց զենք բաժանելը և այլն:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքի հյուսիսում ծայրահեղականների հարձակման արդյունքում սպանված  քաղաքացիական անձանց թիվը հասնում է մի քանի հարյուրի, վիրավորներինը՝ հազարի: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վահագն Հայրապետյանը, Արմեն Բաբախանյանն ու Տիգրան Համասյանը՝ մի բեմում. PanARMENIAN.Net ‘
Հաջորդ հոդվածը‘Երեւանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը’