‘Զորամասերում տիրող մթնոլորտը ռազմական ուսումնարանում տիրող բարքերի ուղղակի հետեւանքն է’

1335

Հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Զինծառայողին սպանելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել նույն զորամասի 4 զինծառայողների, որոնք կալանավորվել էին: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ 

Միջադեպի հետ կապված՝ ՊՆախարար Սեյրան Օհանյանը այցելել էր ինստիտուտ, որտեղ ելույթ էր ունեցել և նշել, որ տեղի կունենան պաշտոնանկություններ: Օհանյանը հայտարարել էր, թե ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմը փոխվելու է, պաշտոններից կհեռանան մոտ 3-4 տասնյակ անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել տեղի ունեցածի հետ:
Այս ամենին հաջորդեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հրաժարականը: Նա կամավոր պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել պաշտպանության նախարարություն: Օհանյանը ընդունել էր դիմումը։ Սերժ Սարգսյանի հրամանով էլ փետրվարի 2-ին նա ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաեւ 2013-ին: Դա պայմանավորված էր մեկ այլ միջադեպով. հունիսի 1-ին՝ ժամը 21:05-ի սահմաններում, պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց էր արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Այդ դեպքից հետո, սակայն, ռազմական ինստիտուտի պետի հրաժարականի դիմումը չէր ընդունվել:

Վերադառնալով կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան դեպքին՝ նկատենք, որ օրերս լուրեր շրջանառվեցին, որ սպանության համար մեղադրվողներից մեկը ռազմական ինստիտուտի արդեն նախկին պետի տեղակալներից մեկի որդին է: Քննչական կոմիտեից, սակայն, հայտարարեցին, թե դեռեւս կատարվում է նախաքննություն, եւ «միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերի բացահայտման եւ բազմակողմանի հետազոտման ուղղությամբ»: Նախաքննության շահերից ելնելով՝ Քննչական կոմիտեն նպատակահարմար չի գտնում այլ մանրամասներ հրապարակել:
 
Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում, քննիչների տված տեղեկությունների հիման վրա, հայտնել է, որ իր որդուն սպանել են գիշերը՝ ժամը 3-ից հետո, քնած ժամանակ: Արկադի Բարսեղյանի խոսքերով՝ զորամասի հերթապահը երեք անց կես շրջել է ննջարաններով, եւ Հայկազը այդ ժամանակ քնած է եղել, ինչից հետո հերթապահը նույնպես գնացել է քնելու: Սպանությունը կատարվել է դրանից հետո: Արկադի Բարսեղյանը համոզված է, որ իր որդուն տանջամահ են արել, ինչից հետո տարել-կախել են՝ ինքնասպանության իմիտացիա ստեղծելով: Նրա պնդմամբ, ինստիտուտի տարածք դրսից մարդ է մտել:
Հոր բնորոշմամբ՝ իր որդին պինդ բնավորությամբ տղա էր եւ լավ է կատարել իր պարտականությունները, եւ միգուցե համածառայակիցների հետ խնդիրներ են առաջացել հենց այդ պատճառով, հատկապես, որ ձերբակալվածներից մեկը ռազմական ինստիտուտի պետի թիկունքի գծով տեղակալի որդին է:

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս միջադեպին անդրադարձավ Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ ծառայողական քննության արդյունքում պարզվել են մի շարք բացթողումներ՝ ռազմական ինստիտուտի ղեկավար կազմի, անմիջական ստորաբաժանումների հրամանատարների կողմից:
«Քրեական գործընթացի շրջանակում պարզվել է, որ միջանձնային փոխհարաբերությունների արդյունքում է տեղի ունեցել դեպքը, ինչին նախորդել է ոգելից խմիչքների օգտագործման փաստ մի քանի կուրսանտների կողմից»,- հայտարարեց նախարարը:
Ըստ Օհանյանի ներկայացրած վարկածի՝ նախկինում եղած վիճաբանությունը կատարվել է զինվորական էթիկայի պահպանման հարցի շուրջ՝ Բարսեղյանի եւ մեկ ուրիշ կուրսանտի միջեւ, սնունդ ընդունելու կարգի վերաբերյալ: Ըստ Օհանյանի՝ բացի ինստիտուտի պետի՝ աշխատանքից ազատելու հրամանից, նախապատրաստվում են Ռազմական ինստիտուտի պետի համալրման, զորքերի ծառայության եւ դաստիարակչական աշխատանքների համար պատասխանատու երեք տեղակալների, ինչպես նաեւ մի շարք այլ աշխատակիցների՝ մինչեւ 30 հոգու ազատման դիմումները:
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի առաքելությունը խաղաղ և պատերազմական ժամանակ ՀՀ պաշտպանության խնդիրներն իրագործելու ունակ, բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է: Հատուկ շեշտում ենք՝ սպայական կադրեր, որոնք հետագայում պետք է ծառայության անցնեն զորամասերում:

Եւ թերեւս  զարմանալի չեն զորամասերից պարբերաբար ստացվող համանման տեղեկությունները, այն դեպքում, երբ արդեն ապագա սպաների պատրաստման դարբնոցում է տիրում այսպիսի մթնոլորտ:

Սերգո Տոնոյան

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԵՄ-ն կասեցրել է Մուգաբեի դեմ պատժամիջոցները նրա՝ Աֆրոմիության նախագահ ընտրվելուց հետո’
Հաջորդ հոդվածը‘Ս. Օհանյան. Չարժե Արցախում ու ՀՀ սահմանամերձ մարզերում «քաղաքական խառնաշփոթ ստեղծել»’