‘Զուրաբյանը Կուդրինի դիտարկումներով փակուղի մտցրեց փոխվարչապետին. Տեսանյութ’

1718

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցոության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց էր ուղղել կառավարությանը` նշելով.

«Հոկտեմբերի 22-ին ես հարց էի բարձրացրել, որ մեր արժույթային ռեզերվը, ՀՀ համախառն միջազգային պահուստներն այս տարվա հունվարից  2 մլրդ 113 միլիոնից կտրուկ նվազել էին եւ հոկտեմբերի 1-ի դրությամբ դարձել էին 1 մլրդ 663 միլիոն դոլար: Այդ ցուցանիշը 550 միլիոն դոլարով ցածր է վտանգավոր շեմ հանդիսացող 6 ամսվա ներմուծման ծավալից: Այն ժամանակ դուք որեւէ պատասխան չտվեցիք իմ բարձրացրած հարցին, եւ մինչ այժմ ձեզանից որեւէ պատասխան չեմ ստացել: Պատասխանը եկավ բոլորովին այլ տեղից: Իմ հարցադրումից ընդամենը մեկ ամիս հետո` նոյեմբերի 23-ին դրամը կտրուկ ընկավ, իսկ դեկտեմբերի 2-ից սկսած` մենք գործ ունենք արդեն անվերահսկելի փլուզման հետ: Փաստորեն, ռեզերվի վտանգավոր շեմից իջնելու մասին իմ հարցը շատ տեղին էր: Անպատասխան թողնելն ու անտեսելը ցույց տվեց, որ մենք գործ ունենք ոչ կոմպետենտ կառավարության հետ, որը չի տիրապետում իրավիճակին, չունի կանխատեսման տարրական ունակություն, ինչը դրսեւորվեց նաեւ այն բանով, որ դուք ձեր ներկայացրած բյուջեում դոլարը հաշվել եք 411 դրամով: Բազմիցս ասել ենք, որ դրամի արհեստական արժեվորման այն քաղաքականությունը, որ իշխանությունները տանում են տարիներ շարունակ, եւ ձեր կառավարությունն էլ շարունակում է այն, ոչ միայն խեղդում է արտահանումն ու մրցակցությունը, ոչ միայն զրկում է Հայաստանին համաշխարհային տնտեսությունում մրցունակ լինելուց, այլ նաեւ բերում է մեր ռեզերվների վտանգավոր մսխման: Մեր կանխատեսումները ճիշտ դուրս եկան»:

Ի պատասխան փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարել էր, թե «առաջինը, 6 ամսվա ծածկույթը խիստ հետաքրքիր ցուցանիշ է, եւ ինձ համար խիստ հետաքրքիր կլինի, թե ովքե՞ր են օգտագործում»:

«Որպես կանոն, նորմը 3 ամսվա է, եւ 3 ամսվա ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում ես չեմ հիշում, որ խախտված լինի, եւ դրան հետեւում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ միայն մեր գործընկերները միջազգային կառույցներում, այլ դրան նաեւ որդեգրում են շատ այլ երկրներ: Կան պարտքի բազմաթիվ այլ ցուցանիշներ, որոնք վերաբերում են, ասենք, սպասարկման բեռին, թե պարտքի բեռը ինչքան են, սակայն ձեր բերած ցուցանիշը ես դժվարանում եմ մտաբերել որեւէ տեղ»,- հայտարարել էր Գաբրիելյանը:

Ի պատասխան Զուրաբյանը նշել էր. «Ուրեմն, ես ձեզ կարող եմ ուղարկել Ռուսաստանի Դաշնության նախկին ֆինանսների նախարար Կուդրինի դիտարկումները այս կապակցությամբ, որտեղ հենց գրված է վեց ամսվա ծավալի մասին: Եթե հետաքրքիր կլինի ձեզ, տեղյակ կպահեմ այդ մասին»:

Ահա Զուրաբյանի կողմից մատնանշված Ալեքսեյ Կուդրինի դիտարկումները, որոնք հրապարակվել էին kommersant.ru-ում: «Ընդունված է համարել, որ միջազգային պահուստների չափը չպետք է լինի վեց ամսվա ներմուծման ծավալներից պակաս, որպեսզի երկիրը անխափան ապահովի արժութային վճարումները: Ռուսաստանի համար վեցամսյա ներկրումն հավասար է միջազգային պահուստերի ծավալների մոտավորապես կեսին` 454 մլրդ դոլար: Եթե միջազգային պաշտոնական պահուստներից հանենք նրա մեջ հաշվարկված կառավարության 167 մլրդ դոլարի պահուստը, որն ապահովագրում է բյուջեն, ապա միջազգային պահուստների չափը մի քիչ կգերազանցի վեցամսյա ներմուծումը»,- գրել էր Կուդրինը:

Այս կապակցությամբ հետաքրքիր կլինի նորից լսել Վաչե Գաբրիելյանի տեսակետը, եւ եթե վերջինս այդպիսին կունենա, ապա սիրով կհրապարակենք այն: 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում մահապատժի է դատապարտվել 188 իսլամիստ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» հաղթեց «Տոտենհեմին», «Մանչեսթեր Սիթիին»՝ «Սանդերլենդին», այլ արդյունքներ (տեսանյութ)’