‘Զուրաբյան. Բարձրաստիճան պաշտոնյան բյուջեի միջոցները ծառայեցրել է սեփական բիզնեսի բարգավաճման գործին. Տեսանյութ’

1356

Այսօր ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ Հայ ազգայի կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպիսի հարց հնչեցրեց.

«Ափսոս՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն այստեղ չէ: Հրապարակվել են փաստեր, որ օֆշորային սխեմաների օգտագործմամբ՝ նա չարաշահել է պետական պաշտոնը սեփական հարստացման նպատակով: Հիմա ազգովին խայտառակված սպասում ենք, թե երբ այդ կոռուպցիոն բիծը պետք է մաքրվի նրա անունից, կամ երբ նա հրաժարական կտա, որ ազատվենք այս խայտառակությունից եւ վերջապես թեթեւացած շնչենք:

Եւ քանի որ օֆշորի գործով Կիպրոսի դատախազից դեռ նորություն չկա, ես կանդրադառնամ երկու այլ հարցերի, որոնք վառ ապացույց են ծառայում, որ մեր ամբողջ իշխանությունը թաթախված է կոռուպցիայի մեջ, եւ որ թեթեւացած շնչելու որեւէ հեռանկար մենք դեռ չունենք:

Առաջին՝ կառավարության կայքում տեղադրված է պաշտոնական մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որպես պատվիրատու, չինական BYD մակնիշի ավտոմեքենաների մեծ խմբաքանակ է գնել «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից: Կասեք՝ ի՞նչ խնդիր կա այստեղ: Պարզվում է, որ պատվիրատուի՝ ԴԱՀԿ ծառայության պետը եւ կատարողի՝ «Քեթրին գրուպի» հիմնադիրը նույն անձն է՝ ոչ այլ ոք, քան Միհրան Պողոսյանը: Այսինքն՝ կառավարության բարձրաստիճան պետական պաշտոնյան ինքն իրենից մեքենաներ է գնել, պետական բյուջեի միջոցները ծառայեցրել է սեփական բիզնեսի բարգավաճման սրբազան գործին:

Կառավարությունը տեղյա՞կ է արդյոք իր կայքում տեղադրված այս տեղեկության մասին, իսկ եթե տեղյակ է, եւ այս կոռուպցիոն գործարքի համար Միհրան Պողոսյանը պատասխանատվության չի ենթարկվել,ապա ինչո՞ւ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական չի ներկայացրել:

Երկրորդ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության տարբեր պաշտոնյաներ պաշտոնապես տեղեկացրել են հանրությանը, որ Փակ շուկայի վերակառուցումը որեւէ օրինական հիմք չունի: Սակայն, հակառակ պետական մարմինների հայտարարությունների, քաղաքացիական ակտիվիստների համառ ցույցերի, պատմամշակութային կոթողի ոչնչացումը շարունակվում է: Պետական մարմինների՝ կառավարության, իրավապահ մարմինների, Երեւանի քաղաքապետարանի անգործությունը, իսկ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումները կարո՞ղ են բացատրվել միայն այդ շինարարության կոռուպցիոն բնույթով: Նույն պատկերը տեսնում ենք Կոմիտաս 5,  Տերյան 23 — 25,  Հին երեւանցի 37,  Պուշկինի 14,  Աբովյան 3  հասցեներում կատարվող օրինազանցությունների եւ ապօրինի շինարարությունների պարագայում:

Գոնե այս փաստերը, որոնք վկայում են, որ կառավարությունը զբաղված է միայն օլիգարխների շահերի եւ ապօրինությունների սպասարկմամբ, գոնե կոռուպցիոն այս ակնհայտ դրսեւորումները քննարկե՞լ եք կառավարության նիստերում, եւ արդյոք մշակե՞լ եք որեւէ քայլ՝ խնդիրը լուծելու ուղղությամբ, որովհետեւ այլապես ստացվում է, որ դուք այս կոռուպցիոն սխեմաների խանդավառ մասնակիցն եք»:

Լեւոն Զուրաբյանի հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ հայտարարելով, թե կառավարությունը գործում է թափանցիկ:

«Եթե գիտեք, որ չարաշահում է եղել եւ շուկայականից ցածր գնով են գնել, եւ չեն պահպանվել կանոնները, ապա պատրաստ ենք յուրաքանչյուրն առանձին քննարկել, տեսնելու, թե ինչումն է խնդիրը»,- հավելեց Թովմասյանը: Վերջինս նշեց նաեւ, թե այդտեղ շահերի բախում չկա, ինչին Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Լինելով նախարար՝ Դուք պետք է ռեգիստրի տվյալներով զբաղվեք, և որ այդ ՍՊԸ-ն հիմնել է հենց Միհրան Պողոսյանը, իսկ եթե համարում եք շահերի բախում չկա, ապա Դուք աբսուրդ արգումենտ տվեցիք։ Ասենք թե՝ դա ամենաէժան գնում է, դա ի՞նչ կապ ունի»,- ասաց Զուրաբյանը` պնդելով, որ այնտեղ ակնհայտ շահերի բախում կա: «Եթե Դուք չեք գտնում, նշանակում է, որ կամ ոչ կոմպետենտ եք ամբողջ գործընթացին, կամ էլ Դուք էլ եք ընդգրկված նման կոռուպցիայի մեջ»,- ասաց նա։

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Ուզում եմ չկորցնել մեր արդարադատությանը հավատալու վերջին հույսը ‘
Հաջորդ հոդվածը‘Մոլդովան դիմում է ՌԴ-ին՝ մոլդովական գինիների նկատմամբ էմբարգոն վերացնելու խնդրանքով’