‘Էլինար Վարդանյան. Ուզում եմ չկորցնել մեր արդարադատությանը հավատալու վերջին հույսը ‘

1604

iLur.am-ի հետ զրույցում ասում է Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը

— Խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների ներկայացուցիչներ՝ ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, Ժառանգությունից՝ Ռուբիկ Հակոբյանը եւ ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, միասին միջնորդություն էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու համար` միաժամանակ երաշխավորելով, որ քաղբանտրակյալն ազատության մեջ գտնվելով `չի խուսափի պատասխանատվությունից: Այնինչ դատարանը մերժեց: Ինչպե՞ս կգնահատեք այդ որոշումը, որքանո՞վ էր իրավաչափ դատարանի կեցվածքը:

— Տիգրան Առաքելյանի գործով ես իմ կարծիքը բազմիցս եմ հնչեցրել: Իրավաչափության տեսակետից՝ պետք է ասեմ, որ դատական համակարգը տեսականորեն անկախ է և, բնականաբար, իր որոշումները կայացնելիս օգտվում է այդ սկզբունքից: Բայց մարդկային տեսակետից՝ կարծում էի՝ մեր դատարանները շատ ավելի մարդասիրական մոտեցում ունեն մեր քաղաքացիների նկատմամբ: Այս անգամ ուզում եմ հավատալ, որ վերաքննիչ դատարանը գոնե իր կայացրած դատավճռով ավելի արդարացի կլինի:

— Այնուամենայնիվ, մի՞թե Տ.Առաքելյանն այդքան վտանգավոր հանցագործ է, որ արդեն ավելի քան երկու տարի է՝ պահում են բանտում:

— Ես բազմիցս ասել եմ՝ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ պատիժը խիստ անհամաչափ է, ավելին, այսօր էլ նրա նկատմամբ կալանքի կիրառումն արդարացված չէ: Սա իմ անձնական՝ որպես մարդու տեսակետն է:

— Կարելի՞ է ենթադրել, որ իր այս որոշմամբ դատարանն արհամարհեց Խորհրդարանին: Որովհետեւ դժվար է հիշել մի դեպք, երբ երկրի օրենսդիր մարմնի՝ ԱԺ-ի չորս խմբակցությունների ներկայացուցիչներ միասին նման հարցով միջնորդեն դատարանին, ու հիմա, փաստորեն, նրանց մերժոմ են:

— Մենք ինքներս էլ գիտենք դատարանների անկախության սկզբունքը, թեեւ հարց է, թե այդ սկզբունքը որքանով է առանձին դեպքերով գործում: Իսկ այս դեպքում սա ոչ թե արհամարհանք կորակեի, այլ՝ անկախության սկզբունքից օգտվելու կորսված հնարավորություն:

— Կուզենայի նաեւ անդրադառնալ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդքան շատ կիրառում այդ խափանման միջոցը:

— Սա շատ վտանգավոր, չարաբաստիկ փաստ է, երբ ՀՀ-ում քրեական օրենսգրքի որեւէ հոդվածով նախատեսված է ազատազրկում, եւ ապահովագրելու համար կալանքը կիրառվում է որպես խափանման միջոց: Եվ այդ ճանապարհին հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ կալանք կիրառելիս պետք է հաշվի առնել որոշակի չափանիշներ: Այս ամենի արդյունքում էլ մեր մեկուսարանները գերբնակեցված ու գերհագեցված են, ինչը կալանավորվածների համար անհարմար պայմաններ է ստեղծում:

— Վերադառնանք Տիգրան Առաքելյանի գործին. երբ ասում եք, որ հույս ունեք, թե վերաքննիչ դատարանն իր կայացրած դատավճռով ավելի արդարացի կլինի, ինչո՞վ է պայմանավորված ձեր լավատեսությունը: Խափանման միջոցը չփոխելու մասին որոշմամբ դատարանն, ընդհակառակը, այլ տպավորություն է թողել:

— Ես պարզապես ուզում եմ չկորցնել մեր արդարադատությանը հավատալու վերջին հույսը:

 

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Հայաստան – Դանիա՝ 0-1. Հոգնած’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Բարձրաստիճան պաշտոնյան բյուջեի միջոցները ծառայեցրել է սեփական բիզնեսի բարգավաճման գործին. Տեսանյութ’