‘Զուրաբյան. Իշխանությունը խոշոր ձեռնարկությունների մի մասն է (Տեսանյութ)’

1443

«Շրջանառության հարկի մասին» օրենքը մենք նախկինում դիտարկում էինք որպես միջոցների եւ հարկային թեթեւացումների համալիր, որը պետք է թեթեւացներ մեր հայրենակիցների՝ փոքր եւ միջին ձեռնարկատերերի կյանքը: Այս մասին Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի քննարկումների ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա իր ելույթում մեջբերեց նախորդ տարի Քառյակի կողմից առաջ քաշված 12 կետերից մեկը, որը վերաբերում էր Շրջանառության հարկին եւ ուղղված էր օրենսդրական միջոցներով ՓՄՁ-ների կյանքը հեշտացնելուն: «Անհարժեշտ է առնվազն նվազեցնել Շրջանառության հարկի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիներին փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել, շրջանառության առավելագույն շեմը 58 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն դրամը՝ 15 մլն դրամ, ինչպես նաեւ հանել սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը»,- նշվում է Քառյակի հայտարարության մեջ:

«Սա կարծես թե այն հազվագյուտ կետերից մեկն էր, որտեղ իշխանությունը, իբր թե, փորձեց ընդառաջ գնալ: Բայց արդյունքում ի՞նչ եղավ՝ իշխանությունը՝ մի բան էլ ավելի պակասեցրեց շրջանառության հարկը՝ հասցնելով 1 տոկոսի, սակայն չանդրադարձավ մնացած կարեւոր դրույթներին: Այս հարցը պետք է լուծվեր համալիրով: Սակայն ամեն ինչից բացի՝ իշխանությունը մտցրեց մի կետ, որը մենք երբեք չէինք առաջարկել՝ փաստաթղթավորման խստացման դրույթը: Եւ ի՞նչ պարզվեց. որ կյանքը դրանից միայն ավելի դժվարացավ: Դա մենք չենք գնահատում. դա գնահատեցին իրենք՝ ձեռնարկատերերը: Այդ ապաքաղաքական զանգվածը դարձավ իր իրավունքների համար պայքարող ամենահամառ զանգվածներից մեկը: Այս ինչպե՞ս կարողացաք հեղափոխականացնել այդ զանգվածին: Բացատրությունը այն է, որ իրենք շատ լավ հասկացան, որ իրենց կյանքը դրանից ավելի ծանրացավ: Արձանագրենք մի բան. այն, ինչ որ անում էինք իբր թե թեթեւացման համար, էապես ծանրացրեց իրենց վիճակը»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց նաեւ, որ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ըստ էության, ընդունեց այն հանգամանքը, որ առյուծի բաժինը ընկնում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների վրա: «Ավելին՝ պարոն Այվազյանը զարգացրեց այդ տրամաբանությունը՝ ասելով, որ իրենք չեն ցանկանում հարկել ՓՄՁ-ներին. իրենց նպատակը խոշորներին ստվերից հանելն է: Այստեղ հարց է ծագում՝ լավ, եթե ուզում եք ֆիքսել շրջանառությունը՝ բնականաբար, բիզնեսին ստվերից հանելու նպատակով, ապա ավելի հեշտ չէ՞ 45 հազար մանր ձեռնարկատերերին վերահսկելու, օրինական դաշտ բերելու  փոխարեն վերահսկել 300 խոշոր ընկերություններին:

Փորձենք ձեւակերպել այն հանելուկը, որը գալիս է մեր մտքին: Ինչու՞ ունենալով այնպիսի մարտունակ հարկային եւ մաքսային ծառայություններ, ինչպես մեզ են ասում, ինչու՞ ունենալով հզոր մի կառավարման համակարգ, իշխանությունները, այնուամենայնիվ, փոխանակ կենտրոնան այդ 300 խոշոր ձեռնարկությունների վրա, ընկել են ՓՄՁ-ների հետեւից: Կա երկու տարբերակ՝ մեկը այն է, որ իրականում ոչ մի մարտունակ հարկային կամ մաքսային ծառայություն մենք չունենք, եւ պետական իշխանությունը անկարող է այդ ամենահզոր 300 ձեռնարկատերերի առջեւ, եւ քանի որ «խեղճ» պետական իշխանությունը չունի այդ լծակները, ինքը փորձում է փոքր եւ միջին ձեռնարկատերերին դարձնել իր հարկային եւ մաքսային ծառայությունը: Ըստ էության՝ նրանց միջոցով վերահսկելով այդ խոշոր ձեռնարկատերերին: Ճիշտն ասած՝ ես ավելի շատ հավատում եմ երկրորդ տարբերակին, այն է՝ միակ պատճառը, թե ինչու իշխանությունների ուժը, 300 խոշոր ձեռնարկությունների փոխարեն՝ պատում է ՓՄՁ-ների վրա՝ այն է, որ իշխանությունները այդ 300 խոշոր ձեռնարկությունների մաս են կազմում: Ոչ թե իրենք անկարող են, այլ օգտագործում են պետական իշխանության լծակները՝ սեփական հարստացման նպատակով:

Ես ուզում եմ մի հարց տալ. այստեղ շատերը մեղադրում էին, թե ի՞նչ կառավարման ճգնաժամի մասին էր խոսվում, ինչու՞ էինք ուզում արտահերթ քննարկում անել եւ այլն: Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով է լինու՞մ: Եթե դուք կամ չեք կարողանում վերահսկել այդ ընկերությունների գործունեությունը, կամ էլ իրականում շատ լավ էլ վերահսկում եք, շատ լավ էլ կառավարելի եք համարում այդ համակարգը, բայց կառավարելի՝ միայն մեկ նպատակով՝ սեփական հարստացման, ուրեմն մենք իսկապես գործ ունենք Հայաստանում ծանրագույն մի կառավարման ճգտնաժամի հետ, որի հաղթահարումը կենսական նշանակություն ունի մեր ժողովրդի համար:

Քանի որ ես ավելի շատ հավատում եմ երկրորդ տարբերակին, որ իսկապես պրոբլեմը այն է, որ որեւէ իշխանություն, որը ինքն է օգտվում այս արտոնություններից, դրանցից երբեք կամովին չի ազատվի, դրա դեմ չի պայքարի, ուրեմն՝ երկրի փրկության միակ ձեւը դեմոկրատական հեղափոխությունն է եւ այնպիսի իշխանության ձեւավորումը, որը որեւէ կերպ որեւէ շահ չունի՝ պահպանելու այդ արտոնությունները»,- իր ելույթում նշեց Լեւոն Զուրաբյանը: 

Նախորդ հոդվածը‘Փոխնախարար. Բնական է, որ տնտեսվարողը հարկայինի հետ հաճույքով չի շփվում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին’