‘Փոխնախարար. Բնական է, որ տնտեսվարողը հարկայինի հետ հաճույքով չի շփվում’

857

Շրջանառության հարկի մասին օրենքի գործողությունը հետաձգելուց՝ հոկտեմբերից հետո ֆինանսների նախարարությունը մի քանի խնդիրներ է լուծել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է Շրջանառության մասին օրենքի գործողությունը հերթական անգամ, մինչեւ հուլիսի 1-ը երկարաձգելու մասին Կառավարության ներկայացրած օրինագիծը:

«Խնդիրները կապված էին ապրանքների ներմուծման փաստաթղթավորման հետ, որը Հայաստանի կառավարության որոշմամբ կարգավորվեց, ապրանքների գույքագրան ձեւի պարզեցման հետ, որի դեպքում պարզագույն ձեւ սահմանվեց, եւ հանրությանն օրենքի մասին իրազեկելու խնդիր կատարվեց», — iLur.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Միրումյանը: Նրա խոսքով, հետաձգումը քաղաքական դրդապատճառներ չունի: 

Ըստ Միրումյանի՝ եւս մեկ ժամկետով՝ մինչեւ հուլիսի 1-ը օրենքի գործողությունը կասեցնելով՝ կառավարությունը փորձում է օպտիմալ լուծում գտնել, մի կողմից՝ տնտեսվարող սուբյեկտների համար ավելի բարենպաստ դաշտ ստեղծելու, մյուս կողմից՝ առեւտրաշրջանառության իրական մեծությունները ֆիքսելու համար:

«Մենք կանգնած ենք ոչ հեշտ խնդրի առջեւ, որը մեկ օրվա ընթացքում հնարավոր չէ լուծել», — ասաց փոխնախարարը:

Պատասխանելով հարցին՝ ինչու՞ են տնտեսվարողները խուսափում հարկային մարմինների հետ շփումներից, գուցե հարկայինու՞մ պետք է փնտրել պատճառները, Միրումյանը նշեց, որ չգիտի մի երկիր, որտեղ տնտեսվարողները «հաճույքով» են շփվում հարկայն մարմինների ներկայացուցիչների հետ:

«Իհարկե, ոչ մի երկրում տնտեսվարողները չեն ցանկանում առհասարակ տեսնել որեւէ հարկային տեսուչի: Բայց պետությունն ունի իր գործառույթները, ինչքան էլ որ տնտեսվարողները չուզենան առնչվել վերահսկողական գործիքներ կիրառող մարմինների հետ», — նշեց փոխնախարարը: Ընդ որում՝ նա խուսափեց իր ղեկավարի՝ խոշոր օլիգարխ Գագիկ Խաչատրյանի ստվերային բիզնեսներին վերաբերող հարցերից:

 

Նախորդ հոդվածը‘«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի Կոմիտեն դատապարտում է բերձորյան բռնությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Իշխանությունը խոշոր ձեռնարկությունների մի մասն է (Տեսանյութ)’