‘Զուրաբյան. Իշխան Զաքարյանը գտնվում է տնային կալանքի տակ’

1646

ԱԺ անցած քառօրյայի ժամանակ իշխանություններն  ամեն ինչ արեցին՝ հասարակությանը հուզող խնդիրների քննարկումից խուսափելու համար, եւ այդ նպատակով գնացին խորամանկությունների եւ օրինախախտումների: Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Մասնավորապես, նա հիշեցրեց, որ ընդդիմությունը 44-ից ավելի ստորագրությունով ներկայացրել էր Կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը:

«Թեեւ այն շրջանառության մեջ էր դրվել դեռ հոկտեմբերին, բայց ԱԺ ղեկավարությունը այս անգամ էլ խուսափեց հարցի քննարկումից», — ասաց Զուրաբյանը:

 Նույնը կատարվեց նաեւ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ:

«2012-13թթ. հաշվետվությունը իշխանության համար ցնցումների պատճառ դարձավ, էապես խարխլեց ռեժիմի ինքնավստահությունը, եւ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հաշվետվությունը վերածվի խեղկատակության», — նշեց պատգամավորը:

Նա կրկնեց քառօրյայի ընթացքում իր բարձրացրած հարցը՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Լեւոն Զուրաբյանի խոսքով, անհեթեթ փաստաթղթերի հրապարակումով հարցի լուծում չի տրվում, որովհետեւ առնվազն մի քանի հարցեր են մնում՝ ինչու՞ Զաքարյանը կոնտակտի դուրս չի գալիս լրատվամիջոցների հետ կամ պատգամավորներից որեւէ մեկի հետ:

«Հրապարակված փաստաթուղթը, որը իբրեւ թե ներկայացվեց որպես պատասխան, կատարյալ անհեթեթություն է: Եթե հավատանք այդ վարկածին, ապա այն պահից, երբ ԱԺ ընդդիմությունը հայտարարեց Իշխան Զաքարյանի հետախուզությունը, այդ պահից նա վերցրեց արձակուրդ», — ասաց Զուրաբյանը:

Բացի դրանից, նրա խոսքով, ստացվում է, որ ԱԺ-ում իր երկու կարեւորագույն առաքելությունների ժամանակ՝ ՎՊ հաշվետվության եւ ծրագրի ներկայացման ժամանակ, Իշխան Զաքարյանը արձակուրդ է վերցնում:

«Եկեք չմոռանանք, որ Վերահսկիչ պալատը ձեւավորվում է Ազգային ժողովի կողմից եւ հաշվետու է հենց ԱԺ-ի առաջ: Այնուհանդերձ, ես վստահ եմ, որ Զաքարյանի մեղքն այստեղ չկա, նա գտնվում է այսօր Սերժ Սարգսյանի դիկտատի ներքո, եթե կուզեք՝ տնային կալանքի տակ», — ասաց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. Գալուստ Սահակյանի տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել’
Հաջորդ հոդվածը