‘Զուրաբյան. Կառավարությունը որդեգրել է «սուխոյ ատկազի» մարտավարությունը’

1214

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց նախորդ նստաշրջանում հնչեցրած հարցը, որին կառավարությունը խոստացել էր գրավոր պատասխանել:

Հարցը վերաբերում էր «Առավոտ» օրաթերթի 2015-ի օգոստոսի 28-ի հրապարակմանը, որի մեջ բազմաթիվ օրինակներով ներկայացնելով Հայաստանի տարբեր պետական մարմիններում առկա կաշառակերությունը եւ ճնշումը ՓՄ բիզնեսի նկատմամբ, «Գրին-բին» սրճարանի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Դեյվիդ Բրեքեթը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե փոքր եւ միջին բիզնեսին են աջակցում, այլ պատժում են նրանց: Մեկ այլ հրապարակումից («Հետք») պարզվել է, որ Մարզա-համերգային համալիրը սեփականաշնորհման մութ գործարքի արդյունքում հանձնվել է Դինո Ավետիսյան անունով մի մարդու, որը նախկինում ներքաշված է եղել ֆինանսական խարդախության մեջ:

«Քանի որ խոսքը վերաբերում է համակարգված կոռուպցիային, ինչի մասին արդեն բացահայտ խոսում են ՀՀ-ում ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դեսպանները, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է անում կառավարությունը՝ համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի առումով, ի՞նչ է արել կառավարությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը փետրվարից մինչ օրս անցկացրել է ընդամենը մի նիստ», — հարցրեց Լեւոն Զուրաբյանը:

Ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ «Առավոտ»-ի հոդվածում հիշատակված բոլոր մարմինները ներգրավվել են գործընթացի մեջ, հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ հոդվածի հեղինակի հետ, եւ պարզ է դարձել, որ «Գրին-բին» սրճարանում հակահրդեհային ծառայությունն ընդամենը մեկ ստուգում է անցկացրել՝ 2012-ին, որի ընթացքում տնօրենը տուգանվել է: Տուգանքը վճարվել է, եւ որեւէ բողոք չի եղել: Ըստ նախարարի՝ Դեյվիդ Բրեքեթի ներկայացրած հարկային եւ մաքսային խնդիրների հարցում եւս կառավարությունը մեղավոր չէ, որովհետեւ «երբեւէ որեւէ մեկ անգամ մաքսային մարմինների գործողությունները չեն բողոքարկվել»:

Ինչ վերաբերում է Համալիրի վաճառքին, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի, ՀՀ-ը պայմանագիր կնքում է ոչ թե սեփականատերերի, այլ իրավաբանական անձանց հետ, այսինքն, նրա խոսքով, պետության համար կարեւոր չէ Համալիրի նոր սեփականատիրոջ անձը: Ըստ նախարարի, եթե ցանկություն լիներ խայտառակ գործարք կնքելու, ապա չէին լինի կոշտ պայմաններ:  

Արձագանքելով Դավիթ Հարությունյանին՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Գրին-Բին սրճարանի սեփականատերերին է փոխանցել կառավարության ծավալուն գրավոր պատասխանը, եւ համոզմունք հայտնեց, որ դրան ծանոթանալուց հետո նրանք անպայման կարձագանքեն: «Ցավում եմ, որ այս հրապարակումները, ինչպես նաեւ իմ հարցադրումը՝ որպես փոքր բիզնեսի վիճակն ուսումնասիրելու առիթ օգտագործելու փոխարեն, դուք օգտագործել եք «սուխոյ ատկազի» մարտավարությունը, ինչը նշանակում է, որ դուք կոռուպցիայի դեմ պայքարելու մտադրություն չունեք», -ասաց պատգամավորը:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը չի մասնակցի ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. «Այո»-ի շտաբը զանգվածաբար դրդում է մարդկանց քրեական հանցագործության’