‘Զուրաբյան. Ձեր ներկայացրած փաթեթը զրոյական արժեք ունի’

1097

Աժ արտահերթ նիստում քննարկվող «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց «Հայ ազգային կոնգրես խմբակցության» ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ այդ հարկի մասին էր Քառյակի 12 պահանջներից 3-րդը:

«Ինչո՞ւ ենք մենք 12 կետերի մեջ ներառել այս երրորդ պահանջը, որովհետեւ մենք  ժողովրդական  կապիտալիզմի կողմնակից ենք եւ հասկանում ենք, որ ժամանակակից կապիտալիզմում ուժեղ են այն ազգերը, որոնք ունենք ձեռնարկատիրության բարձր տոկոս: Մեզ մոտ այդ ցուցանիշն ընդամենը 4 տոկոս է, որը շատ ցածր ցուցանիշ է: Եւ եթե մենք բոլորս ազատական, շուկայական հարաբերությունների կողմնակից ենք, եթե հասկանում ենք, որ ցանկացած տնտեսության հիմքում պետք է ընկած լինի մասնավոր գործունեության  պետական խրախուսումը, ուրեմն՝ առաջինը մենք պետք է ստեղծենք պայմաններ, որ մարդիկ մասսայաբար գնան եւ զբաղվեն բիզնեսով:

Դրա համար էլ մենք 12 կետերի մեջ առաջարկել էինք 3-րդ կետը, ըստ որի՝ շրջանառության հարկը բոլոր ձեռնարկատերերի համար առնվազն երեք անգամ պետք է կրճատել: Դուք ասում եք՝ կամ գրում են մամուլում, թե դուք ինչ-որ ընդառաջ եք գնացել: Իրականում առեւտրական, առք ու վաճառքի գործունեության եկամուտների հարկն եք միայն կրճատել, մյուսները մնում են նույն 10, 20, 5 տոկոսի սահմաններում: Բայց ինչո՞ւ չէր կարելի, եւ մեր պահանջը հենց դա էր, բոլոր ոլորտներում այդ հարկատեսակը եռակի կրճտել: Այս հարցին ոչ մի հիմնավորում չտրվեց:  

Այստեղ պարոն Մինասյանը շատ ճիշտ մի հարցադրում կատարեց, որ իսկապես անհասկանալի է, որ եթե հռչակել եք, թե ձեր նպատակը ավելի խիստ փաստթղթավորման միջոցով շրջանառությունը բացելն է ու տնտեսությունը ստվերից հանելը, պիտի հասկանայիք, որ եթե ստվերից դուրս են գալիս, շրջանառությունը բացում են, եւ եթե կա 58 մլն-ի շեմը, այդ շեմը որպես մի արգելակող շեմ է ծառայելու ստվերից հանելու կամ այդ բացման համար: Ուստի պետք է հասկանալ, որ հարկի կրճատումը երեք անգամ անհրաժեշտորեն կապված է այդ շեմի բարձրացման հետ, բայց դուք դա էլ չարեցիք:

Այնինչ՝ մենք գրել էինք, որ այդ շեմը մինչեւ 150 մլն պետք է բարձրացնել: Միակ, քիչ թե շատ, ռացիոնալ փաստարկը, որ այստեղ բերվել է այն է, թե խոշոր բիզնեսն այդ դեպքում կտրոհվի:

Սրան կա 2 պատասխան:

1. այլ մեթոդներով կարելի է շատ հանգիստ կարգավորել այդ խնդիրը եւ մեխանիզմներ մշակել խոշոր ընկերությունների տրոհումն արգելափակելու համար,

2. տրոհվում են՝ թող տրոհվեն, թող մի քիչ էլ խոշոր բիզնեսը կարողանա դուրս գալ այդ հարկային բեռի տակից, եթե կարողանում է, թող անի: Ընդհանուր նպատակը պետք է դա լինի, որ թեթեւացվի հարկային բեռը, որ բիզնեսը կարողանա զարգանալ, ոչ թե վախճանվի:

Այսօր, վերջին 2.5 տարվա ընթացքում 19 հազար ձեռնարակատերի, խանութների քանակը հասել է 14 հազարի, եւ դրանք ամեն օր շարունակում են փակվել: Սա ձեր հարկային բեռի, իշխանության՝ ձեր քաղաքականության հետեւանքն է:  

Կարծես թե՝ ինչ-որ մի լավ բան էիք ուզում անել, բան չունեմ ասելու՝ կան նաեւ լավ էլէմենտներ, օրինակ՝ այդ 12 մլն-ը ընտանեկան բիզնեսի համար, բայց այնպես է ստացվում, որ ոչ մի լավ բան լիարժեք չեք կարողանում անել:

Ուստի, մենք համարում ենք այս օրինագիծը անբավարար: Քառյակի հետ դեռ կխորհրդակցենք, այնուամենայնիվ՝ մեր քվեարկությունն ինչպես պետք է լինի, որովհետեւ եթե կան էլեմենտներ, որոնք ժողովրդի վիճակը կթեթեւացնեն, միգուցե ձեւ գտնենք չխոչընդոտենք այս փաթեթի ընդունմանը: Բայց, ընդհանուր առմամբ, ձեր ներկայացրած փաթեթը զրոյական արժեք ունի»,- հայտարարեց Զուրաբյանը:  

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Էսօր ծիծաղում եք, վաղը լացելու եք (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ պետդումայում առաջարկել են արգելել կեդերը և բարձրակրունկ կոշիկները’