‘Զուրաբյան. Ճշմարտության թաղմա՞ն, թե՞ բացահայտման հանձնաժողով (տեսանյութ)’

1110

ԱԺ-ում շարունակվում է գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀԿ-ականների ներկայացրած նախագծի քննարկումը: Նշենք, որ նույն մեծամասնությունը նախորդ քառօրյայի ժամանակ մերժել էր ոչ իշխանական չորս խմբակցությունների նույնատիպ առաջարկը, եւ ապա որոշ ժամանակ անց՝ ինքն է հանդես եկել նույն առաջարկով, սակայն, բովանդակային մի շարք տարբերություններով: Այսօր պետք է տեղի ունենա նախագծի քվեարկությունը:

Մինչ այդ հանդես գալով եզրափակիչ ելույթով՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իր խոսքը սկսեց մի հայտնի ասացվածք հիշեցնելով, որ սովորաբար «հանձնաժողովները ստեղծվում են այն նպատակով, որ պրոբլեմը թաղվի»: «Ամենակարեւոր հարցը, որ փորձում ենք այստեղ լուծել, այն է՝ արդյո՞ք մենք ճշմարտության թաղման հանձնաժողով ենք ստեղծում, թե՞՝ բացահայտման: Սա է այս դեբատների էությունը: Մեր ժողովրդին շատ պարզ հարցեր են անհանգստացնում եւ երբ մենք ներկայացրել էինք մեր առաջարկը, ուզում էինք ստանալ այդ հարցերի պատասխանները»,- նշեց Զուրաբյանը:

Առաջին հարցը նրա խոսքով այն է, թե «ինչպե՞ս է ապօրինաբար կուտակվել 300 մլն պարտքը. ապօրինաբար, որովհետեւ այդ պարտքը կուտակվել է թաքուն՝շրջանցելով ԱԺ-ն եւ Սահմանադրության պահանջները: Երկրորդ հարցը, նրա խոսքով այն է, որ ժողովուրդը իսկապես չի հասկանում, թե ինչու է ՀՀԿ-ականների ղեկավարի խոսքով ասած՝ աշխարհի ամենաէժան գազը Հայաստանում սպառողին հասնելով՝ դառնում ամենաթանկերից մեկը: «Մեզ օրինակ՝ չի հետաքրքրում՝ այդ սակագնի սահմանման կարգը համապատասխանո՞ւմ է միջազգային պրակտիկային, թե՞՝ չէ, դա երկրորդական հարց է: Մեզ հետաքրքրում է՝ այդ գինը հիմնավորվա՞ծ է, թե՞՝ չէ: Եթե պարզվի, որ սակագնի սահմանման կարգը համապատասխանում է միջազգային պրակտիկային, հավատացեք՝ դա սպառողին ոչինչ չի տա: Նա ցանկանում է իմանալ՝ արդյո՞ք այդ ընթացքում՝ սահմանից մինչեւ սպառող հասնելը, չե՞ն գողացվել ինչ-որ գումարներ, չե՞ն վատնվել, չկա՞ն կոռուպցիոն գործարքներ»,- նշեց Զուրաբյանը:

Երրորդ հարցը, Զուրաբյանի խոսքով այն է, որ ռուսական Գազպրոմ ձեռնարկությանը տրվել են այնպիսի լիազորություններ, որոնք Գազպրոմին ավելի բարձր են դասում, քան մեր պետությունը:

«Ցավոք, այն, ինչով դուք զբաղվում եք՝ պարոն Հարությունյան, ՀՀԿ, դա այնպիսի հանձնաժողովի ստեղծումն է, որը զբաղված կլինի ճշմարտության թաղմամբ: Ճիշտ է, հանուն արդարության պետք է ընդունեմ, որ երբ բերեցինք 300 մլն կուտակված պարտքի խնդիրը, դուք երկար դիմադրում էիք, հիմա պետք է ընդունեք, որ դուք վերջապես դա ընդունեցիք: Այսինքն, հանձնաժողովի լիազորությունների մեջ մտնում է այդ պարտքի ձեւավորման օրինականությունը, դրա համար շնորհակալ ենք:

Ինչ վերաբերվում է սահմանից մինչեւ սպառող գնագոյացման խնդրին, այդ հարցում մենք դեռ չունենք ձեր կողմից տրվող որեւէ լուծում»,- նշեց Զուրաբյանը:

Նա առաջարկեց, որ նախագծի 2-րդ Հոդվածի 7-րդ կետում ոչ միայն խոսվի ՀՀ օրենսդրության կամ սակագնի սահմանման միջազգային պրակտիկային համապատասխանության մասին, այլեւ այդ սակագնի սահմանման հիմնավորվածության մասին:  

Զուրաբյանը նաեւ նշեց, որ ՀՀԿ-ականները Գազպրոմի խնդիրը վերջնականապես թաղել են՝ հայտարարելով, որ հրաժարվում են ուսումնասիրել պայմանագրերի դրույթները, որոնք գազի մատակարարման գործում նոր միջավայր են ձեւավորել:

«Ձեր համառությունը կարող ենք բացատրել միայն մեկ հանգամանքով՝ դուք ուղղակի չեք ցանկանում մտնել մի դաշտ, որտեղ թույլ եք ու պատասխան չունեք ժողովրդի առաջ: Եթե ձեր խնդիրը այն է, որ վախենում եք ՌԴ-ից, կներեք, այդ բացատրությունը չեմ ընդունում, որովհետեւ իրականում ընդդիմության եւ ժողովրդի այս ընդվզումը եւ հանձնաժողովի ստեղծումը կարող էիք օգտագործել որպես կարեւոր գործիք՝ ՌԴ-ի հետ այս պայմանագիրը վերաբանակցելու համար: Բայց դուք չեք անում»,- նշեց Զուրաբյանը:

Նա անդրադարձավ նաեւ հրապարակայնության խնդրին՝ նշելով, որ իրականում, ճշմարտության կոծկման հարցում սա ամենակարեւոր հնարքն է, որը իշխող ուժը փորձում է կիրառել: Իսկ այն հայտարարություններին, թե եթե նիստերը դռնբաց լինեն, ապա դրանք կարող են շոուների վերածվել՝ Զուրաբյանը պատասխանեց, որ եթե այդ շոումենները լինեն ընդդիմությունից, ապա դրանից միայն ընդդիմությունը կվարկաբեկվի: «Իսկ եթե իշխանությունը պիտի զբաղվի շոուներով, դա արդեն մեր խնդիրը չէ, եւ ոչինչ չի խանգարում ձեզ չզբաղվել շոուներով: Դռնփակ նիստերը նշանակում են ժողովրդավարության ոչնչացում»,- հայտարարեց Զուրաբյանը:

 

Նախորդ հոդվածը‘ Մարտի 19-22-ը Երևանում կընթանա Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն’
Հաջորդ հոդվածը‘Փախստական քարոզչին մեղադրում են թուրքական իշխանությունների գաղտնալսումը կազմակերպելու մեջ’