‘Փախստական քարոզչին մեղադրում են թուրքական իշխանությունների գաղտնալսումը կազմակերպելու մեջ’

879

Թուրքիայի ղեկավարությունը փախստական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին մեղադրել է իշխանությունների գաղտնալսումը կազմակերպելու մեջ, հաղորդել է Reuters-ը: Ինչպես փետրվարի 24-ին հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականը, Գյուլենը մտադիր էր շանտաժի ենթարկել գործող իշխանություններին և քրեական գործեր թխել՝ վարկաբեկելու համար կառավարությանը: Գյուլենի փաստաբանը հերքել է այս մեղադրանքները:

Թուրքիայի վարչապետի խորհրդական Յալչին Ակդոգանի տվյալներով՝ վերջին մի քանի տարիներին գաղտնալսվել են մոտավորապես յոթ հազար մարդու, այդ թվում՝ կառավարության ղեկավարի, նախարարների, տարբեր կուսակցություններ ներկայացնող բարձրաստիճան քաղաքական գործիչների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների անդամների  հեռախոսները: Ակդոգանը պնդում է, որ գաղտնալսման արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա հանցավոր խմբավորման մասնակցելու վերաբերյալ քրեական կեղծ գործեր էին նախապատրաստվում պաշտոնյաների և քաղաքական գործիչների նկատմամբ:

Զանգվածային գաղտնալսման մասին հայտնի դարձավ Ստամբուլի դատախազությունում նոր աշխատակիցների նշանակումից հետո. նրանք գաղտնի փաստաթղթեր հայտնաբերեցին, որոնք վկայում էին լրտեսության մասին: Նախկին աշխատակիցները դատարանի թույլտվությամբ գաղտնալսում էին իրականացրել ինչ-որ «Սելյամ» կազմակերպության դեմ տարվող հետաքննության շրջանակներում: Լրտեսման մեջ մեղադրվող դատախազները հերքեցին հրապարակված տեղեկությունները՝ հավաստիացնելով, որ հնարավոր չէ լրտեսել այդքան մեծ թվով մարդկանց, գրում է The Hurriyet Daily News-ը:

Գյուլենը 1990-ական թթ. վերջերից ապրում է ԱՄՆ-ում, ուր նա տեղափոխվել էր Թուրքիայի տարածքում իսլամական պետություն ստեղծելու փորձի մեջ մեղադրվելուց հետո: Չնայած տարագրությանը՝ Գյուլենը լայն կապեր և ազդեցություն է պահպանում թուրքական ոստիկանությունում և դատական մարմիններում: Իշխանության գալուց հետո Էրդողանը սկսել էր համագործակցել Գյուլենի հետ և հասել էր նրա արդարացմանը, սակայն հետագայում նրանց հայացքները երկրի զարգացման ուղիների վերաբերյալ հեռացան իրարից, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Ճշմարտության թաղմա՞ն, թե՞ բացահայտման հանձնաժողով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գազային քննարկումները շարունակվում են (թարմացված, տեսանյութ)’