‘Էդվարդ Միլիտոնյան. Միակամ լինենք, հատկապես՝ երբ ճակատագրական պահեր են լինում’

2521

Ինչպես հայտնի է` նախօրեին կայացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ հիմնախնդրի հարցում առաջ եկած մարտահրավերները: Հանդիպման որոշ մանրամասներ է այսօր ներկայացրել Առաջին նախագահը iLur.am-ի հետ հարցազրույցում: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում գնահատում է տեղի ունեցած հանդիպումը.

«Ուշի ուշով կարդացի տեղի ունեցած հանդիպման մասին. ճիշտն ասած՝ նման հանդիպումներ վաղուց չէին եղել, որ այս ժողովուրդը տարբեր տարիներին Հայաստանը ղեկավարած մարդկանց կարծիքները, իրար հետ շփումները համարի ընդունելի ու ցանկալի:

Հաճախ ներքին հարաբերություններում միայն բացասական կողմերն են փորձում վերլուծել, այս անգամ այս հանդիպումը ապացուցել է մի բան՝ որ երկրի, հայրենիքի համար ամենակարեւոր պահին ժողովուրդը`մեծից-փոքր, պիտի ընկալի իր գործողությունների կարեւորությունը`մեկը՝ սահմանի վրա, մեկը` թիկունքում, մեկը՝ ղեկավարական իր գործողությամբ, մյուսը` նախկին ղեկավարի իր փորձով ու գիտելիքներով, եւ այդ ամենի շաղախը պիտի դառնա մեր ընդհանուր գործողության տրամաբանությունը»: Միլիտոնյանի խոսքով, հանդիպման մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն, իհարկե, համոզիչ էր, հատկապես նրա հորդորը` «այսպիսի պահերին միասին ու միասնական լինելու, դիմակայելու, եւ տարբեր հարցերում երկու անձի քննարկումից հետո նաեւ ժողովրդի ու հասարակության սատարումը ստանալու վերաբերյալ»:

«Իհարկե, նա չէր կարող մանրամասն վերլուծել` ինչ են խոսել, երեւի դրա կարիքը չկա էլ, բայց կարեւորն այն է` ինչ ասվել է, ուրեմն, ճշգրիտ է այս ժամանակի համար: Եւ ընդհանրապես, վերջին 20-25 տարվա մեր դժվարությունները, կարծում եմ` ինչքան այսպես միասնական լուծման ենթարկվեն, միասին լուծումներ գտնելու ուղղությամբ քննարկումներ արվեն, Հայաստանը ավելի շահեկան դիրքում կլինի: Կարծում եմ` մեր մտավորականության մի մասն էլ այդպես է դատում, համենայնդեպս, երամը գիտի` ուր է գնում, բայց առանձին թռչունները չգիտեն: Մեզ մոտ այդ երամային խնդիրը կա, որ ճանաչենք իրար, իրար հետ լինելու, պայքարելու եւ նաեւ այդ խնդիրները առաջադրելու ու լուծելու կամք ունենանք:

Նաեւ տարբեր հարցերում (ոչ միայն լարվածության, այլեւ ոչ լարված վիճակում) կարողանանք ղեկավարվել ճշգրիտ ու հասկանալի հարաբերությոններով, նաեւ ներքին շերտավորումներով միակամ լինենք, հատկապես՝ երբ ճակատագրական պահեր են լինում»,- նշեց Միլիտոնյանը: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Պաչաջյան. Առաջին նախագահի համար Հայաստանի և Արցախի շահից առավել բան չկա’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Գյուրջինյան. Հերթը իշխանությանն է’